[Թարմացում] Ադրբեջանը վերադարձրել է Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին

Օգոստոսի 7-ին մոլորված և Ադրբեջանում հայտնված Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին հանձնվել է Հայաստանին: Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այդ լուրը:

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դին հանձնել է Տավուշի մարզին սահմանակից Բալա Ջաֆարլի գյուղի հատվածում:

[թարմացում] Ադրբեջանը Կարեն Պետրոսյանի դին վերադարձրել է այն բանից հետո, երբ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով կոմիսար Նիլս Մույժնիեկսը (Nils Muižnieks) Երևանում հայտարարել է, որ գերության մեջ զոհված յուրաքանչյուրի մարմինը պետք է հայրենիք վերադարձվի:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում հայտնված Չինարիի բնակչին գերեվարելուց հետո Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, ուր Կարեն Պետրոսյանին ռազմական համազգեստ հագցրած բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով հայ գյուղացուն որպես «դիվերսանտի»։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացի է, քաղաքացիական անձ է։

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ իրենց հերթին տեսագրություն էին տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես է Կարեն Պետրոսյանը սահմանն անցնելուց հետո հայտնվել ադրբեջանական սահմանամերձ գյուղում, նստած զրուցում է տեղի բնակիչների հետ, անզեն է, ռազմական հանդերձանքի տարրեր չի կրում:

Գերեվարման հաջորդ օրը՝ օգոստոսի 8-ի առավոտյան՝ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ նա հանկարծամահ է եղել իբր «սրտի անբավարարությունից»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *