Հնդկաստանի ու Պակիստանի հարաբերությունները կրկին սրվել են. կան զոհեր

Հոկտեմբերի 5-7-ը Պակիստանի ևՀնդկաստանի սահմանին հերթական փոխհրաձգություն է արձանագրվել՝ այս անգամ նաև ականանետերի կիրառմամբ։

Հնդկաստան-Պակիստան սահման

Հնդկաստան-Պակիստան սահման

Ինչպես հաղորդում է  արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, հնդկական կողմը պնդում է, որ պակիստանյան զինուժն առաջինն է կրակել վիճելի տարածք համարվող Քաշմիրի շրջանի ուղղությամբ։ Դրա հետևանքով սպանվել են 5 խաղաղ բնակիչ, վիրավորվել են 29-ը։ Պակիստանի զինված ուժերն էլ իրենց հերթին հավաստիացնում են՝ արդեն մի քանի օր է, ինչ Հնդկաստանը խախտում է հրադադարի ռեժիմը, և թե հոկտեմբերի 6-ի գիշերը պակիստանյան սահմանամերձ Սիալքոթ քաղաքում հնդկական ուժերի հարձակման հետևանքով սպանվել է 4 հոգի, 4-ը վիրավորվել են։

Նշենք, որ Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ռաջնաթխ Սինգհը զգուշացրել է պակիստանյան կողմին «հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերի հաճախակի լինելու» առնչությամբ։ Սինգհի խոսքերով՝ իրականում պակիստանցիները պարբերաբար կրակոմ են հնդկական սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ դեռևս 2014-ի օգոստոսի 15-ից։

Երկու երկրների միջև լարվածության պատճառը Քաշմիրի շրջանն է։ Հնդկաստանի ու Պակիստանի «Քաշմիրյան հակամարտությունը» սկսվել է 1947թ.-ից։ 1947-1949 թթ. պատերազմի արդյունքում Հնդկաստանը սկսել է վերահսկել Քաշմիրի տարածքի մոտ 2/3-ը, մնացյալը հսկում են պակիստանյան ուժերը։ Քաշմիրի պատկանելության խնդիրը չի լուծվել նաև 1965-1971 թթ. պատերազմից հետո։

Երկու պետությունների հարաբերությունների սրացումը 1999-ի մայիսին կրկին հանգեցրեց պատերազմի (հայտնի է «Կարգիլյան պատերազմ» անունով)։ Մոտ հազար պակիստանցի զինյալներ անարգել անցան սահմանագիծը՝ վերահսկողություն հաստատելով ռազմավարական կարևոր նշանակության բարձունքների վրա։ Սակայն որոշ ժամանակ անց հնդկական զինուժին հաջողվեց հետ գրավել կորսված տարածքները։ Պատերազմն ավարտվեց նույն տարվա հուլիսին։

2002-ին կողմերը կրկին հայտնվել էին պատերազմական իրավիճակում։ Բաց դաշտում առճակատումից այնուհանդերձ խուսափեցին, չնայած որ երկու կողմն էլ իր զորքերը մոտեցրել էր սահմանին։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել էր Պակիստանին 2013-ի ընթացքում Քաշմիրի հատվածում ավելի քան 200 անգամ հրադադարի  ռեժիմը  խախտելու համար։ 2011-ին հնդկական կողմն արձանագրել է 51 նման դեպք, 2012-ին՝ 93։

2014-ի մայիսին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպել էր իր պակիստանյան պաշտոնակից Նավազ Շարիֆի հետ։ Այս հանդիպումից հետո շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։ Սակայն հուլիսի 16-ին փոխհրաձգությունները վերսկսվեցին։ Մեկ օրում սպանվեց 1 հնդիկ զինծառայող, 2 պակիստանցի զինվոր, մի քանիսն էլ տարբեր աստիճանի վիրավորում ստացան։ Հուլիսի 20-ին, պակիստանյան աղբյուրների համաձայն, հնդիկները կրակել են Պակիստանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ։ Դրա հետևանքով սպանվել է պակիստանցի 1 խաղաղ բնակիչ, վիրավորվել են 3 կին ու 1 երեխա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *