Եթե մի լուր լինի, թուրքական զինուժն անմիջապես ձեր կողքին կլինի. Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ՝ Սիրիայում թուրքական դամբարանը հսկողներին

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը հայտարարությամբ է հանդես եկել, որով աջակցություն է հայտնել Սիրիայում Սուլեյման Շահի դամբարանը հսկող թուրք զինծառայողներին։

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջեթ Օզել

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջեթ Օզել

 

Թուրքիայի ԳՇՊ-ն Քուրբան (թարգմանաբար՝ զոհաբերության) տոնակատարության համար հոկտեմբերի 2-ին հատուկ ուղերձ է հղել Սուլեյման Շահի դամբարանը հսկող զինծառայողներին։ Նման առանձնահատուկ ուղերձի հղումը կապված է դամբարանի շուրջ ծավալվող լարված իրադարձությունների հետ։

Սիրիայում հակամարտության ընթացքում և հատկապես վերջերս ակտիվացել են խոսակցությունները, թե «Իսլամական պետությունը» փորձում է գրավել Սիրիայում տեղակայված և Թուրքիային պատկանող հողակտորը, որն էլ հսկում են թուրք զինվորականները։

Բացի այդ, վերջին շաբաթներին դամբարանի մոտ մարտեր էին Սիրիայի զինված ուժերի և իսլամիստների միջև։

Այս շաբաթ տեղեկություններ էին շրջանառվում, թե «Իսլամական պետություն» խմբավորումը կարողացել է գերեվարել դամբարանը հսկող 20 թուրք զինծառայողի, թեև տեղեկությունը պաշտոնապես հաստատում չէր ստացել։

Իր ուղերձում թուրք գեներալը նշել է, թե Թուրքիայի տարածքից դուրս այդ երկրին պատկանող միակ հողատարածքը հսկող զինծառայողները միայնակ չեն և «նրանց թիկունքում Թուրքիայի 76 մլն քաղաքացիներն են»։ «Ձեզանից գեթ մեկ լուր ստանալուն պես Թուրքիայի զինված ուժերը վայրկենապես ձեր կողքին են լինելու՝ ապահովելու ձեր անվտանգությունը»,-իր ուղերձում շեշտել է գեներալ Օզելը։

Նշենք, որ Սուլեյման Շահը համարվում է Օսման Առաջինի պապը, որից էլ սերել է օսմանյան դինաստիան։ Նա ապրել է 1178-1227 թվականներին։ Մահանալուց հետո թաղվել է Եփրատից ոչ հեռու Ջաբեր ամրոցի մոտակայքում (Հալեպի շրջան)։ Նրա դամբարանը հետագայում թուրքերի համար վերածվել է սրբավայրի։ 1923 թվականին Թուրքիան իրավունք է ստացել Սիրիայում գտնվող այդ տարածքում պատվո պահակախումբ կարգել և տեղադրել սեփական դրոշը։ 70-ականներին ջրամբարի կառուցման հետևանքով դամբարանը տեղափոխվել է սիրիական Կարակոզակ գյուղի մոտ, որը նույնպես թուրքական պետության անկլավ է ճանաչվել։ Այն Թուրքիայի սահմաններից 35 կմ հեռավորության վրա է։

Սուլեյման Շահի դամբարանը

Սուլեյման Շահի դամբարանը

 

Սիրիայի ներքին հակամարտության ողջ ընթացքում թուրքական պահակախումբը մնացել էայս տարածքում։ Այս տարվա մարտին «Իսլամական պետությունը» սպառնում էր հարձակվել դամբարանի վրա, իսկ Թուրքիան հայտարարում էր, թե հարձակման դեպքում ռազմական գործողություն կսկսի գրոհողների դեմ։

Ավելի ուշ համացանցում հայտնվեց գաղտնի մի ձայնագրություն, որտեղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, բարձրաստիճան զինվորականներ ու դիվանագետներ քննարկում էին Սիրիայի ներխուժման հնարավորությունը՝ պատրվակ դիտելով նաև Սուլեյման Շահի դամբարանի վրա հնարավոր հարձակումը, ընդ որում, չէր բացառվում թուրքերի մասնակցությամբ բեմադրված հարձակումը, ինչը կարող էր արդարացում դիտել Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման համար։

Հայտնի է նաև, որ ներկայում դամբարանը հսկում են Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները՝ «բոսորագույն բերետները»։

One response to “Եթե մի լուր լինի, թուրքական զինուժն անմիջապես ձեր կողքին կլինի. Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ՝ Սիրիայում թուրքական դամբարանը հսկողներին

  1. Pingback: Թուրքական զինուժը ներխուժել է Սիրիա՝ տարհանելու Շահ Սուլեյմանի մասունքները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *