ԱՄՆ-ի ու Աֆղանստանի ստորագրած պայմանագրով՝ խաղաղապահների մի մասը դուրս չի բերվելու 2014-ին

Աֆղանստանի նորընտիր նախագահ Աշրաֆ Հանին և Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ջեյմս Բ. Քանինհեմը սեպտեմբերի 30-ին մայրաքաղաք Քաբուլում ստորագրել են անվտանգության պայմանագիր, որը թույլ է տալու խաղաղապահ առաքելության 10 հազար զինծառայողի 2014-ից հետո շարունակել ծառայությունն Աֆղանստանի տարածքում։

ԱՄՆ ուժերի ուղղաթիռ՝ Աֆղանստանում

ԱՄՆ ուժերի ուղղաթիռ՝ Աֆղանստանում

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, համաձայն պայմանագրի՝ 10 հազար ԱՄՆ զինծառայող և 2 հազար ՆԱՏՕ զինծառայող մնալու են Աֆղանստանում և օգնելու են երկրի անվտանգության ուժերին ահաբեկիչների դեմ պայքարում՝ միաժամանկ զբաղվելով զինվորականների վերապատրաստմամբ։ 2015-ին, ըստ պայմանագրի, զինծառայողների թիվը կրճատվելու է երկու անգամ, իսկ ահա 2016-ին Աֆղանստանում մնալու են հազար խաղաղապահներ, որոնք ապահովելու են տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը։ Արտերկրից ցանկացած ռազմական միջամտության դեպքում ամերիկյան զինծառայողները պարտավորվում են պաշտպանել Քաբուլի շահերը։ Հայտնի է նաև, որ պայմանագրում շեշտված է՝ ԱՄՆ զինծառայողներն Աֆղանստանում որևէ հանցանք գործելու դեպքում պատժվելու են ամերիկյան օրենքներով։

Քաբուլը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի ու Թուրքիայի խաղաղապահների թիվը երկրում կհասնի մինչև 4-5 հազարի։
Նկատենք, որ պայմանագրի կնքումից հետո Աֆղանստանում 2 ահաբեկչություն է արձանագրվել։ Նշենք նաև, որ նախկին նախագահ Համիդ Քարզայը չէր համաձայնում ստորագրել այս պայմանագիրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *