ՌԴ՝ Գյումրիի 102-րդ ռազմաբազայում զորավարժություն է մեկնարկել

Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներում անցկացվել է 3-օրյա մարտավարական զորավարժություն, որի նպատակը պայմանական աղետի հետևանքների վերացումն էր:

Զորավարժությանը մասնակցել են ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումները, որոնք, զորավարժության սցենարի համաձայն, տագնապով դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից ու երթով ուղևորվել դեպի պայմանական «քիմիական թունավոր նյութերից վարակված» վայր:

Բուն զորավարժության վայրում՝ Կամխուդ զորավարժարանում, զինծառայողները տեղանքի ցամաքային ու օդային հետախուզություն են իրականացրել, որպեսզի պարզեն «քիմիական թունավորման» մասշտաբները, ինչպես նաև մշակել ու մաքրել են «թունավոր նյութերով վարակված» անձնակազմին ու ռազմական տեխնիկան:

Զորավարժության ընթացքում ռուսաստանյան ռազմաբազայից ներգրավվել է մոտ 100 զինծառայող ու 30 միավոր տեխնիկա: Զինծառայողները «քիմիական վարակումից» մաքրել են նաև տեղանքը, ճանապարհները, ջրային պաշարները և այլն: Դրա համար զինծառայողներն օգտագործել են հատուկ նյութեր, որոնք տեղանքին վնաս չեն հասցրել, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *