ՌԴ ՌԾՈւ-ն ստացել է առաջին սերիական Կա-52Կ ուղղաթիռը

Ռուսաստանի ռազմական նավատորմը ստացել է սերիական արտադրությամբ առաջին Կա-52Կ հարվածային ուղղաթիռը, որը նախատեսված է ռուսաստանյան Միստրալների համար, հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Առաջին ուղղաթիռը մեկն է այն 3 միավորանոց խմբաքանակից, որ ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերին պիտի հասնեին մինչև 2014-ի ավարտը, ինչպես նախկինում էր հայտարարվում:

ՌԴ ԶՈւ ՌԾՈւ համար նախատեսված Կա-52Կ ուղղաթիռի գծագիրը: Ուղղաթիռի թիակներն ու թևերը ծալվում են՝ ռազմանավերի վրա շատ տեղ չզբաղեցնելու համար

ՌԴ ԶՈւ ՌԾՈւ համար նախատեսված Կա-52Կ ուղղաթիռի գծագիրը: Ուղղաթիռի թիակներն ու թևերը ծալվում են՝ ռազմանավերի վրա շատ տեղ չզբաղեցնելու համար

Ռազմածովային ուժերում այս ուղղաթիռները նախատեսում են տեղակայել Ֆրանսիայից ստանալիք Միստրալ դասի ուղղաթիռակիր նավերի վրա: Ամենայն հավանականությամբ, առաջին երեք ուղղաթիռները կտրվեն «Վլադիվոստոկ» Միստրալին, որը նախատեսված է, որ Ռուսաստանին կհանձնվի առաջիկա նոյեմբերի սկզբին: Հետագայում՝ 2015-2016 թվականներին, ռուսաստանյան արտադրող ընկերությունը կպատրաստի ևս 13 միավոր Կա-52Կ ուղղաթիռներ, որոնք նույնպես կտրվեն Միստրալներին, ինչից հետո յուրաքանչյուր ուղղաթիռակիր նավի վրա տեղակայված կլինեն 8-ական նմանատիպ ուղղաթիռներ:

Արդեն հետագայում նախատեսված է ամեն նավի վրա ուղղաթիռների թիվը հասցնել 16-ի, ինչքան որ թույլ է տալիս դրանց կառուցվածքը:

Ավելացնենք, որ ուղղաթիռներն արտադրող ռուսաստանյան «Կամով» ընկերությունը Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռների Կա-52Կ տարբերակը նախագծել ու պատրաստում է հենց ուղղաթիռակիր նավերի վրա կիրառելու նպատակով: Չնայած դրան՝ ուղղաթիռները հնարավոր կլինի կիրառել նաև այլ պայմաններում:

Միստրալների համար արտադրող Կա-52Կ արդիականացումները բազային տարբերակից կտարբերվեն մի շարք բնութագրերով: Մասնավորապես դրանց թիակները հնարավոր կլինի «հավաքել», ինչը թույլ կտա «խնայել» ռազմանավերի վրայի տարածությունը: Ուղղաթիռների շասսիները կամրացվեն, դրանք հակակոռոզիոն հատուկ մշակում կանցնեն՝ ծովային պայմաններում շահագործման ժամկետը երկարացնելու համար:

Բազային Կա-52 «Ալիգատոր» հարվածային ուղղաթիռը խորհրդային Կա-50 «Սև շնաձուկ» ուղղաթիռի հետագա արդիականացումն է: Այն նախատեսված է մարտի դաշտում զրահապատ կամ ոչ զրահապատ թիրախների, կենդանի ուժի ոչնչացման համար: Ուղղաթիռի անձնակազմը երկու հոգի է: Ուղղաթիռն արտադրվում է 2008-ից, ՌԴ զինված ուժերում կիրառվում է 2011-ից:

Ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 300 կմ/ժ արագություն ու թռչել մինչև 5.5 կմ բարձրության վրա: Կարող է ուղղաձիգ բարձրանալ մինչև 12 մ/վ արագությամբ:

Ուղղաթիռը զինված է 30 մմ ավտոմատ թնդանոթով, որն ունի 460 արկ մարտական լրակազմ: Ուղղաթիռի վրա կան 6 կախոցներ, որոնց վրա կարող է կախվել մինչև 2 տոննա զանգվածով սպառազինություն, այդ թվում՝ «օդ-մակերևույթ» դասի հակատանկային կառավարվող հրթիռների «Վիխր-1» արձակման կայաններ, «օդ-օդ» դասի կառավարվող հրթիռների «Իգլա-Բ» համալիրներ, ինչպես նաև Ս-8 (80 մմ) կամ Ս-13 (130 մմ) չկառավարվող հրթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *