Հարձակվել են Եմենում ԱՄՆ դեսպանատան վրա

Եմենում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ անհայտ անձը կրակ են բացել նռնականետերից: Հարձակման հետևանքով տուժել են անվտանգության 2 աշխատակիցները:

Հութի զինյալներ՝ Սանայում

Հութի զինյալներ՝ Սանայում

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, ավելի վաղ «ալ Հուսի» շիա զինյալների խմբավորումը հայտարարել էր, որ իրենք գրավել են մայրաքաղաք Սանան, որը լիարժեքորեն իրենց վերահսկողության ներքո է: ԱՄՆ պետքարտուղարությունը որոշում էր կայացրել հետ կանչել իր դեսպանության աշխատակիցներին, քանի որ Եմենում ներքին իրավիճակը սկսում է կրկին սրվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսերին Եմենում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով երկրի ներկայիս կառավարությունը և շիադավան հութի զինյալները համաձայնություն են ստորագրել, ըստ որի՝ 3 օրվա ընթացքում զինյալները նոր վարչապետի թեկնածուներ են առաջադրելու։ Սակայն, ինչպես տեսնում ենք, զինյալները խախտել են համաձայնագիրը:

«Ալ Հուսի» հութիական խմբավորումը հիմնականում գործում է երկրի հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածներում, որոնք սահմանակից են Սաուդյան Արաբիային։ Նրանց նպատակն է Եմենի տարածքում զեիդական իմամության ստեղծումը։ Նշենք, որ հութիների ազդեցությունը վերոհիշյալ տարածքներում էլ ավելի ընդլայնվեց 2012-ին Եմենի նախագահ ալ-Սալեհի հրաժարականից հետո։

2014-ի հունվարի տվյալներով՝ հութիների քանակը հասնում է 120 հազարի։ Նրանց հիմնական կայանատեղին Սաադա լեռնային գավառն է, որտեղ էլ քարոզչություն են տանում երիտասարդների շրջանում։ Ընդ որում, նրանց հետևորդների շարքում են նաև մայրաքաղաք Սանայի շիա բնակչության մեծ մասը։

Եմենի կառավարությունը, բարեկամական հարաբերություններ ունենալով Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի հետ, մինչ օրս պնդում է, որ հութիներն Իրանի լրտեսներն են։ Պաշտոնական Թեհրանը բազմիցս հերքել է նման լուրերը։

Հավելենք, որ 2004-2010 թթ. Եմենի կառավարական զորքերը մի քանի անգամ հուժկու բախումներ են ունեցել հութիների հետ, ապա 2010-ին կնքել են զինադադարի պայմանագիր։ Սակայն 2011-ի վերջին այսպես կոչված «Արաբական գարնան» մթնոլորտում նոր մարտեր սկսվեցին հութիների և «ալ Կաիդայի» համախոհներ համարվող սալաֆիականների միջև։ 2013-ին հութիները համաձայնություն են տվել մասնակցելու Եմենի կառավարության կազմակերպած «հաշտեցման երկխոսությանը»՝ հավաստիացնելով, որ իրենք չունեն անջատողական նպատակներ, պարզապես ցանկանում են, որպեսզի «Սանան ճանաչի ու հարգի իրենց իրավունքները»։ Այնուամենայնիվ, 2014-ի հունվարից սկսած հութիների հետ բախումները վերսկսվել էին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *