Ընթացքի մեջ է ռուս-հնդկական «Ինդրա-2014» զորավարժությունը

Սեպտեմբերի 23-ին ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններից մեկում սկսվել է Ռուսաստանի ու Հնդկաստանի «Ինդրա-2014» համատեղ մարտավարական զորավարժությունը, որը կավարտվի հոկտեմբերի 2-ին, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ռուսաստանի ու Հնդկաստանի ԶՈւ զինծառայողներ «Ինդրա-2012» զորավարժության ժամանակ

Ռուսաստանի ու Հնդկաստանի ԶՈւ զինծառայողներ «Ինդրա-2012» զորավարժության ժամանակ

Զորավարժության նպատակը երկու երկրների զինծառայողների միջև փորձի փոխանակումն ու ներդաշնակումն է, ինչի համար զորավարժությանը մասնակցելու է երկու երկրների մոտ 700 զինծառայող: Զորավարժությանը կիրառվում է մոտ 100 միավոր ռազմական տեխնիկա:

Նախատեսված է, որ զորավարժության ընթացքում պայմանական հակառակորդի դիրքերը լինելու են միանգամից երեք բնագծերում, ինչը հավելյալ դժվարություններ է ստեղծելու ռուս-հնդկական զորքերի համար՝ ստեղծելով անսպասելի իրավիճակներ ու մոտեցնելով պայմանները մարտականին:

Վարժանքների ընթացքում երկու երկրների զինծառայողները պիտի ոչնչացնեն 300 թիրախ, որից 100-ը՝ շարժական։ Մասնակիցները նաև պահպանելու են պայմանական պետական կարևոր օբյեկտներ, կատարելու են շարասյուների ուղեկցում, ոչնչացնելու են պայմանական ահաբեկչական խմբավորումներին անտառային պայմաններում, «ապօրինի զինված խմբավորումների» ոչնչացման համար իրականացնելու են դարանակալման գործողություններ և այլն:

Ավելացնենք, որ «Ինդրան» Հնդկաստանի ու Ռուսաստանի մասնակցությամբ համատեղ զորավարժությունների շարք է, որն առաջին անգամ անցկկացվել է 2003-ին: Զորավարժություններն ունեն ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ու օդային տարբերակներ, որոնց ընթացքում երկու երկրների զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները փորձի փոխանակում են կատարում՝ վարժանքներ անելով երկու երկրների ցամաքային, օդային ու ջրային սահմաններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *