Ավստրալիան նոր ինքնաձիգեր է գնում զինված ուժերի համար

Ավստրալիայի զինված ուժերը տեղական Thales Australia ընկերությանը պատվիրել են արտադրել ու երկրի զինված ուժերին մատակարարել նոր F90 ավտոմատ հրացաններ, հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

F90 ավտոմատը Eurosatory-2012 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

F90 ավտոմատը Eurosatory-2012 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

Պատվիրված զենքերի քանակն ու ժամկետները չեն հստացեվում, սակայն հայտնի է, որ առավել մեծ խմբաքանակ ավստրալական զինված ուժերը նախատեսում են պատվիրել 2016-ին:

Նոր ավտոմատները զինված ուժերում փոխարինելու են իրենց նախորդներին՝ F88 ավտոմատներին, որոնց հիմքով էլ պատրաստվել են F90-ները:

F90 ավտոմատների վրա, ի տարբերություն նախորդի, կա ենթափողային նռնականետ ամրացնելու հնարավորություն, այն նաև համապատասխանեցված է ՆԱՏՕ-ի ստանդարտներին:

Ավստրալիայի զինված ուժերը պատվիրել են ավտոմատի երեք տարբերակներ՝ բազային տարբերակը, որն ունի 407 մմ երկարությամբ փող, երկարացված փողով Marksman տարբերակը, որն ունի 507 մմ երկարությամբ փող, ու ենթափողային նռնականետ ունեցող տարբերակը:

Բուլփափ մեխանիզմով աշխատող ավտոմատի տրամաչափը 5,56 մմ է: Այն կշռում է 3,25-ից 4,1 կգ՝ կախված տարբերակից: Համեմատելու համար նշենք, որ հայկական զինված ուժերում կիրառվող ԱԿ-74 ավտոմատների զանգվածը 3,3 կգ է:

Ավելացնենք, որ F90 ավտոմատներն առաջին անգամ ներկայացրել են 2012-ին Փարիզում անցկացված Eurosatory-2012 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ: Ավտոմատը պատրաստված է ավստրիական Steyr AUG ավտոմատի հիմքով, որն առկա է աշխարհի, այդ թվում ՆԱՏՕ-ի, շուրջ 30 երկրների զինված ուժերի սպառազինությունում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *