Հարավային Կորեան համաձայնեցրել է 40 միավոր F-35-ի գնումը

Հարավային Կորեայի կառավարությունը ԱՄՆ-ից 40 միավոր F-35A կործանիչներ գնելու գործարքն ավարտել է։ Թեև Սեուլը դեռ այս տարվա մարտին էր հայտնել F-35 գնելու որոշման մասին, սակայն վերջնական պայմանագիրը կողմերը կկնքեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Պայմանագրի արժեքը, ըստ «Ջեյնս» ռազմական հանդեսի, 7.1 մլրդ ամերիկյան դոլար է։ Հարավկորեացիները կստանան ուղղահայաց վայրէջքով ու թռիչքով կործանիչներ։

Հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ. ԱՄՆ ՌՕՈւ

Հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ. ԱՄՆ ՌՕՈւ

Նշենք, որ Հարավային Կորեան 60 միավոր նոր կործանիչներ գնելու մրցույթ էր հայտարարել դեռևս 2011-ին։ Հարավային Կորեայի պաշտպանական գնումների գործակալությունը (DAPA) մտադիր էր 60 կործանիչներ գնելու համար ծախսել շուրջ 7.5 մլրդ ԱՄՆ դոլար։

2013-ի հունիսի դրությամբ F-X III անունը ստացած կործանիչների մրցույթին մասնակցում էին ամերիկյան Lockheed Martin ու Boeing ընկերությունները, ինչպես նաև Eurofighter կոնսորցիումը։

Այս ձեռնարկությունները համապատասխանաբար առաջարկում էին F-35 Lightning II, F-15 Silent Eagle (F-15SE) և Typhoon կործանիչները։
Ոչ պաշտոնական աղբյուրները վկայում էին՝ «Ռոսօբորոնէքսպորտը» ևս մասնակցության հայտ էր ներկայացրել՝ առաջարկելով Տ-50 ՊԱԿ ՖԱ կործանիչները։

2013-ի օգոստոսին Boeing ավիաշինական գործարանը մնաց որպես մրցույթի միակ մասնակից, սակայն հետագայում այն նույնպես դուրս մնաց պայքարից՝ չհամապատասխանելով կորեական պահանջներին։

Ավելի վաղ՝ 2013 թվականի օգոստոսի 18-ին, մրցույթից դուրս էր մնացել իր Typhoon կործանիչն առաջարկող եվրոպական Eurofighter կոնցերնը: Հարավային Կորեայի պաշտպանական գնումների գործակալությունը պարզաբանել է, որ Eurofighter-ի ներկայացրած մրցութային փաստաթղթերում սխալներ էին հայտնաբերվել:

Lockheed Martin-ն իր հերթին դուրս էր մնացել մրցույթից, քանի որ առաջարկում էր Հարավային Կորեայի համար ոչ մատչելի շուրջ 153 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ F-35 Lightning II կործանիչը:

Հարավկորեացիները ստիպված են եղել վերանայել մրցույթը, քանի որ երեք թեկնածուներից որևէ մեկն այդպես էլ չէր ընտրվել։

Հավելենք, որ Հարավային Կորեայի՝ F-35A կործանիչների գնումն իրականացվում է պետական լայնամասշտաբ ծրագրի շրջանակներում։ Այն ենթադրում է ԶՈւ 150 միավոր հնացած F-4 Phantom II ու F-5 Freedom Fighter/Tiger II կործանիչների փոխարինումը նոր ինքնաթիռներով։

Հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ավիաշինական ընկերությունը։ Հիմնականում արտադրվում է երեք մոդիֆիկացիայով՝ F-35A, F-35B և F-35C։

Կործանիչն առաջին թռիչքը կատարել է 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։

Զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել «օդ»-«օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։ Մեկ միավորի գինը տատանվում է 155-199 մլն ամերիկյան դոլարի միջև՝ կախված մոդիֆիկացիայից։

Նշենք, որ Թուրքիան ևս F-35-ի գնորդների ցանկում է. Անկարան այս տարի պատվիրել է երկու միավոր F-35 և նշել, թե մտադրություն ունի առաջիկայում գնել ևս 98 նման կործանիչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *