Իրաքը հրաժարվել է ամերիկյան «Ապաչ» ուղղաթիռներ գնելուց

Իրաքի պետական մարմինները որևէ կերպ չեն արձագանքել ԱՄՆ պաշտոնական կողմի առաջարկին, որով ամերիկացիները սեփական արտադրության AH-64E Apache («Ապաչ») ուղղաթիռներ գնելու առաջարկ էին արել Իրաքին, հայտնում է Defense News կայքը:

Apache AH-64E. ԱՄՆ բանակ

Apache AH-64E. ԱՄՆ բանակ

Իրաքին 24 ուղղաթիռների, ինչպես նաև դրանց համար նախատեսված սարքավորումների, հավելյալ նավիգացիոն ու կապի համակարգերի, սպառազինության ու լրակազմի տրամադրումը ամերիկյան կողմը գնահատել էր մոտ 4,8 մլրդ ամերիկյան դոլար: Դեռևս 2014-ի սկզբին ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը (DSCA) թույլտվություն էր տվել, որով ամերիկյան արտադրողները կարող էին նախատեսված ուղղաթիռները ու այլ սպառազինությունը հանձնել Իրաքի զինված ուժերին:

Պետական գերատեսչության թույլտվությունից հետո ամերիկացիները պաշտոնական առաջարկ էին ուղարկել Իրաքի կառավարությանը, ու սպասում էին իրաքցիների համաձայնությանը, որպեսզի տրամադրեին ամբողջ սպառազինությունը:

Սակայն օգոստոսին պաշտոնական առաջարկի ժամկետը սպառվեց, ու Իրաքը, փաստորեն, որևէ կերպ չարձագանքեց ամերիկյան առաջարկին, որով և հրաժարվեց ամերիկյան ուղղաթիռներից:

Հավանական է, որ իրաքյան կողմի հրաժարվելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Իրաքի զինված ուժերը ամռան ընթացքում արագացված կարգով Ռուսաստանից գնեցին Մի-28ՆԷ ու Մի-35Մ ուղղաթիռներ: Ուղղաթիռները Իրաքին շտապ էին պետք, քանի որ թափ հավաքած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արդեն գրավել էր երկրի մի հսկա հատված ու սպառնում էր մայրաքաղաք Բաղդադին:

Այդ պայմաններում ռուսաստանյան կողմը կարողացավ արագորեն կողմնորոշվել ու սեփական արտադրանքը վաճառել Իրաքին, ինչին իրաքցիներն էլ էին ուրախ:

Նույն շտապ անհրաժեշտության պատճառով Իրաքը ամռան ընթացքում գնեց նախկինում ՌԴ զինված ուժերում օգտագործված Սու-25 գրոհիչներ, որոնք ևս ռուսաստանյան կողմը մատակարարեց արագացված տեմպերով ու առանց ավելորդ փաստաթղթաշրջանառության:

Եվ դա կատարվեց՝ չնայած այն բանին, որ 2011-ին Իրաքի ու Միացյալ Նահանգների կնքած պայմանագրով նախատեսվում էր, որ 2014-ի սեպտեմբերին Իրաքը ստանալու էր ամերիկյան F-16 թեթև կործանիչների առաջին խմբաքանակը: Բայց մատակարարումը, որն արդեն 2014-ի սեպտեմբերին պիտի սկսվեր, հետաձգվեց անորոշ ժամկետով, քանի որ ամերիկյան կողմը հայտարարեց, որ մատակարարումը նախատեսում է սկսել միայն այն ժամանակ, երբ երկրում կհաղթահարվի անկայուն իրավիճակը, ու Իրաքի զինված ուժերը կվերահսկեն երկրի ներքին դրությունը:

Ամերիկյան արտադրության AH-64 Apache ուղղաթիռը շահագործման են հանձնել 1986-ին։ Հետագա տարիներին ստեղծվել են դրա տարբեր մոդիֆիկացիաներ և արտահանվել աշխարհի մի շարք երկրներ։ 2 հոգանոց անձնակազմ ունեցող ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 365 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 6400 մետր է։ Սպառազինությունում Apache-ն ունի 30 մմ-անոց հրանոթ և կառավարվող ու չկառավարվող սպառազինության ամրակցման 4 կետ՝ լազերային նշանառությամբ։

One response to “Իրաքը հրաժարվել է ամերիկյան «Ապաչ» ուղղաթիռներ գնելուց

  1. Pingback: Ռուսաստանն ավարտել է հարվածային ուղղաթիռների մատակարարումն Իրաքին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *