Ադրբեջանում զորակոչի ընթացքում կիրառելու են կարճ հաղորդագրություններով տեղեկացման համակարգ

2014-ի հոկտեմբերից Ադրբեջանում ծրագրում են զորակոչի ընթացքում կիրառել նոր տեխնոլոգիաներ։ Մասնավորապես, ակնկալվում է, որ առաջիկայում կգործարկվի մի համակարգ, որը թույլ կտա զորակոչիկին 9100 համարին ցանկացած բջջային օպերատորից կարճ հաղորդագրություն ուղարկելով որոշ անձնական տվյալներ՝ իմանալ, թե որ զորամասում է ծառայություն անցնելու։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվալան գործակալությունը, հղում տալով Ադրբեջանի մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության մամուլի ծառայության ղեկավար Նուրեդդին Հեյդարովի խոսքերին, համակարգի վրա աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի հունիսին հայտնի էր դարձել՝ զորակոչի ընթացքում կարճ հաղորդագրությունների համակարգի կիրառման օրինագիծը հաստատվել է Միլլի Մեջլիսի կողմից։ Այդ ժամանակ նաև հաղորդվել էր, որ զորակոչիկը հնարավորություն կստանա զորամասի մասին տեղեկությունները գտնել մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության կայքի բաժնում՝ էլեկտրոնային հասցեով ու անձնական տվյալներով կայքում գրանցվելով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *