Եմենում անօդաչու թռչող սարք է ընկել, որը ենթադրաբար պատկանում է ԱՄՆ զինուժին

Եմենի հարավային հատվածներում սեպտեմբերի 23-ին անօդաչու թռչող սարք է ընկել, որը, ականատեսների վկայությամբ, հիշեցնում է այն ԱԹՍ-ները, որոնք ԱՄՆ-ն կիրառում էր Եմենի տարածքում զինյալների դեմ պայքարում։Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, վկաները պատմել են՝ անօդաչու թռչող սարքը ոչ թե խոցվել, այլ դիպել է լեռանը Եմենի Շաբվա նահանգի Բեյհան քաղաքի մերձակայքում։

«Ռոյթերսի» սեփական աղբյուրները Եմենի կառավարությունում հաստատել են ԱԹՍ-ի ընկնելու փաստը՝ հավելելով, որ դրա մասին լուր ստանալուն պես ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները շտապել են դեպքի վայր և այնտեղից հեռացրել ականատեսներին։

ԱՄՆ-ն այս պահի դրությամբ դեռևս չի արձագանքել տեղեկությանը։ Պարզ չէ նաև, թե ինչ տիպի անօդաչուի մասին է խոսքը։

Նկատենք, որ ԱՄՆ-ի զինուժի՝ երկրի սահմաններից դուրս, մասնավորապես՝ Եմենում և Պակիստանում, անօդաչուների օգտագործման հարցը վերջին շրջանում քննարկումների տեղիք է տվել։ ԱՄՆ-ի պատկան մարմիններին մեղադրում են անօդաչուների օգնությամբ գործողությունների իրականացման ժամանակ մեծ թվով խաղաղ բնակիչների վնասելու համար։ Փետրվարի սկզբին ԱՄՆ զինուժը հայտարարել էր՝ ժամանակավորապես չի գործարկելու ԱԹՍ-ներ Պակիստանի տարածքում։

Ինչ վերաբերում է Եմենին, ապա ԱՄՆ պատկան մարմինները մշտապես խուսափում են մեկնաբանել այս երկրի տարածքում անօդաչուների գործարկման մասին տեղեկությունները։ Մասնավորապես, 2014-ի օգոստոսին Եմենի արևելյան Հադրամութ նահանգում անօդաչուներից հերթական հարվածների հետևանքով սպանվել էր «ալ Կաիդայի» 3 զինյալ։ 2014-ի ապրիլին ԱԹՍ-ների հարվածքների պատճառով սպանվել էին 65 հոգի։ ԱՄՆ-ին մեղադրում էին, որ սպանվածների շարքում եղել են նաև խաղաղ բնակիչներ։

Հավելենք նաև, որ ներկայումս Եմենում իրավիճակը լարված է։ 2014-ի սեպտեմբերի 20-ին ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով երկրի ներկայիս կառավարությունը և շիադավան հութի զինյալները համաձայնություն են ստորագրել, ըստ որի՝ 3 օրվա ընթացքում զինյալները նոր վարչապետի թեկնածուներ են առաջադրելու։ Սակայն դա չի փրկել իրավիճակը, քանի որ այսօր արդեն լուրեր են շրջանառվում, որ շիա զինյալները կրկին գրավել են մայրաքաղաք Սանայի կարևոր օբյեկտները և մտադիր չեն ընկրկել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *