ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի օդաչուները վարժանքներ են իրականացնելու

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ուղղաթիռների օդաչուները ամսվա ընթացքում վարժանքներ են իրականացնելու էքստրեմալ պայմաններում Էլբրուս լեռան մերձակայքում։

Մի-28Ն հարվածային ուղղաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Մի-28Ն հարվածային ուղղաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Այս մասին ռուսաստանյան լրագրողներին հայտնել են օկրուգի մամուլի ծառայությունից, հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Օդաչուները վարժանքներ են անելու Մի-35Մ և Մի-28Ն ուղղաթիռներով և կրակելու են շուրջ 3 հազար մետր հեռավորության վրա գտնվող թիրախներին»,- նշվում է հաղորդագրությունում։

Վարժանքների հիմնական նպատակներից է իրականացնել բարդ հնարքներ ցածր տեսանելիության և ծովի մակարդակից 3,5 հազար մետր բարձրության պայմաններում։ Հայտնի է նաև, որ այդ բարձրության վրա ուղղաթիռներից դեսանտավորում է իրականացվելու։

Նշվում է, որ ամեն օր շուրջ 10 ժամ օդաչուները ծախսելու են գործնական և տեսական պարապմունքների համար։

Հավելենք նաև, որ վարժանքներին մասնակցելու են Ստավրապոլի երկրամասում տեղակայված ՀՌՕ-ի ռազմաօդային ուժերի և ՀՕՊ ավիաբազայի շուրջ 30 օդաչու։

Նշենք, որ Մի-28-Ն Նոչնոյ օխոտնիկ (Ми-28Н Ночной охотник, թարգմ.՝ գիշերային որսորդ)  հարվածային ուղղաթիռը նախատեսված է հակառակորդի տանկերի, զրահատեխնիկայի, կենդանի ուժի, ինչպես նաև օդային փոքր թիրախների  ոչնչացման համար։ Անձնակազմը բաղկացած է օդաչուից և նշանառու օպերատորից։ Ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 300 կմ/ժ առավելագույն արագություն։ Սպառազինությունում ունի 30 մմ-անոց հրանոթ, օդ-օդ և օդ-մակերևույթ դասի կառավարվող հրթիռներ, ինչպես նաև չկառավարվող հրթիռներ՝ հակառակորդի կենդանի ուժը խոցելու համար։ Մեկ ուղղաթիռի շուկայական գինը մոտ 8 միլիոն ամերիկյան դոլար է։

Մի-35Մ-ը Մի-24-ի արդիականացված տարբերակն է։ Նախատեսված է հակառակորդի զրահատեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաև ցամաքային ուժերին և դեսանտայիններին կրակային աջակցություն ցուցաբերելու համար։ Այս ուղղաթիռն օգտագործվում է նաև վիրավորներին տարհանելու և բեռներ տեղափոխելու համար։ Սպառազինված է կառավարվող  «օդ-օդ»  և «օդ-մակերևույթ» հրթիռներով, ինչպես նաև չկառավարվող Ս-8, Ս-13 կամ Ս-24 հրթիռներով։ Ուղղաթիռի վրա տեղադրված է նաև 300 մմ փամփուշտներով կրակող ՆՊՈւ-30 թնդանոթային կայան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *