Թուրքիան Ադրբեջանին կարող է տրամադրել «Քասըրղա Տ-300» համազարկային կրակի ռեակտիվ կայան

Թուրքական «Ռոքեթսան» (Roketsan) ընկերությունը պատրաստվում է Ադրբեջանի զինուժին փոխանցել 300 մմ տրամաչափի «Քասըրգա Տ-300» (թուրք.՝ Kasırğa T-300) համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Քասըրգա Տ-300» համազարկային կրակի ռեակտիվ կայան

Քասըրգա Տ-300» համազարկային կրակի ռեակտիվ կայան

Այս մասին իր անձնական բլոգում գրել է թուրքական Kokpit.aero կայքի թղթակից Մուհամեդ Մեթինը՝ հղում տալով «Ռոքեթսանի» ղեկավար Էյուբ Քափթանի խոսքերին։ Համաձայն աղբյուրի՝ Ադրբեջանը պատվիրել է 1 դիվիզիոն, որը բաղկացած է 4 ռեակտիվ համակարգերից, հրթիռների տեղափոխման 4 շարժական հարթակներից, հրամանատարական կառավարման կենտրոնից, ռադարից։ Աղբյուրը վկայում է, թե Ադրբեջանը ստանալուն է ՀԿՌԿ-ն 2014-ի ավարտին։

Նշենք, որ դեռևս 2013-ի հունվարին ադրբեջանական աղբյուրները հայտնել էին «Ռոքեթսանի» ու Ադրբեջանի միջև շուրջ 244 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրի մասին, որը ենթադրում է «Քասըրղա» ՀԿՌԿ-ի տրամադրում։ Ընդ որում, համաձայն նույն աղբյուրների՝ պայմանագիրը կնքվել էր շատ ավելի վաղ՝ 2010-ին։ Ադրբեջանցիները խոստացել էին, որ այն կցուցադրեն 2013-ի հունիսի ռազմաշքերթին, սակայն, դատելով լուսանկարներից և տեսագրություններից, չեն ցուցադրել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ մինչ օրս ադրբեջանական կողմը դեռ չի ստացել իր պատվերը։

Թուրքական ՀԿՌԿ-ն ունակ է թիրախներ խոցել 80-100 կմ հեռավորության վրա։ Համազարկային կրակի պատրաստման տևողությունը 20 րոպե է։ Արտադրությունը սկսվել է 1997-ից չինական WS-1 ՀԿՌԿ-ի հիմքի վրա։ Նախատեսված է հակառակորդի թիկունքում տարբեր նշանակության կետերի՝ ռազմակայանների, հրթիռային համալիրների արձակման կայանների, օդակայանների, տրանսպորտային հանգույցների, վարչական և արդյունաբերական կենտրոնների խոցման համար։

Հիշեցնենք, որ 2014-ի փետրվարին թուրքական աղբյուրներից հայտնի էր դարձել՝ Ադրբեջանի տարածքում «Ռոքեթսան» ընկերությունը փորձարկում է իր Mızrak-U (Մըզրաք-Ու) և Mızraq-O (Մըզրաք-Օ) հակատանկային կառավարվող հրթիռային համալիրները։ Mızrak-U մեծ հեռահարության հակատանկային կառավարվող հրթիռներն ունակ են խոցել թիրախներ մինչև 8 կմ հեռավորության վրա։ Կրակի նվազագույն հեռավորությունը 500 մետր է։ Mızraq-O-ն միջին հեռահարության հակատանկային համակարգ է, խոցում է թիրախներ առավելագույնը 4 կմ, նվազագույնը 200 մ հեռավորության վրա։ Աղբյուրները չեն բացառել, որ Ադրբեջանը կարող է դառնալ այս համալիների հավանական պատվիրատուներից մեկը։

Հավելենք, որ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում 2013-ին արտահանած սպառազինության իր հաշվետվությունն է ներկայացրել նաև Թուրքիան, ըստ որի՝ Թուրքիան վաճառել է Ադրբեջանին 3 միավոր 122 մմ-անոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ) և նույն տրամաչափի հրետանային 1000 արկ։ Սպառազինության ստույգ տեսակը նշված չէ, այդուհանդերձ, դատելով տրամաչափից՝ կարող ենք ենթադրել, որ խոսքը «Ռոքեթսան» ընկերության արտադրած «Սակարյա» (թուրք.՝ Sakarya) ՀԿՌՀ-ի մասին է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *