Քաղաքացիական օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Հռոմում՝ Typhoon կործանիչների ուղեկցությամբ (վիդեո)

Իտալիայում 2014-ի սեպտեմբերի 14-ին արտակարգ միջադեպ է գրանցվել Middle East Airlines ավիաընկերությանը պատկանող և Ժնևից Բեյրութ թռչող Airbus 320 ուղևորատար ինքնաթիռի մասնակցությամբ։ Այն արդեն հասել էր Իտալիայի հարավային ափերին, երբ օդաչուները կապվել են ավիակարգավարների հետ և տեղեկացրել՝ ինքնաթիռում կա ռումբի պայթյունի վտանգ։ Այս մասին տեղեկացնում է The Aviationist ավիացիոն բլոգը։

MIddle East Airlines ավիաընկերության A230 օդանավ

MIddle East Airlines ավիաընկերության A230 օդանավ

Օդաչուները հայցել են Հռոմում հարկադիր վայրէջք կատարելու թույլտվություն, ինչը ստանալուց հետո կատարել են հետադարձ և ուղևորվել մայրաքաղաքի օդանավակայան։

Անվտանգության նկատառումներից ելնելով, օդ են բարցրացվել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման միասնական ծառայության շրջանակներում հերթապահություն իրականացնող, Իտալիայի ՌՕՈւ կազմի 2 միավոր Typhoon կործանիչներ, որոնք ինքնաթիռներն ուղեկցել են մինչև օդանավակայան, որտեղ այն դիմավորել են ուժային կառույցների և ճգնաժամային ծառայությունների ստորաբաժանումները։

Օդանավի թռիչքի հետագիծը՝ Flightradar ծառայության քարտեզում

Օդանավի թռիչքի հետագիծը՝ Flightradar ծառայության քարտեզում

Նշենք, սակայն, որ օդանավի խուզարկման արդյունքում որևէ ռումբ չի հայտնաբերվել, միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Airbus ավիաշինական ընկերության նախագծմանը պատկանող A320 ուղևորատար ինքնաթիռը նախատեսված է փոքր և միջին հեռավորություններում ուղևորափոխադրումների իրականացման համար։ Ինքնաթիռն իր առաջին կոմերցիոն թռիչքը կատարել է 1988-ին՝ Air France ավիաընկերության կազմում։ Մինչև 180 ուղևորի փոխադրման համար նախատեսված օդանավի թռիչքի առավելագույն արագությունը մոտ 830 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 11 000 մետր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *