Թուրքական կործանիչներ են օդ բարձրացվել սիրիական ռմբակոծիչի թռիչքի ընթացքում

Թուրքիան սեպտեմբերի 16-ին օդ է բարձրացրել իր ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները, երբ թուրք-սիրիական սահմանի մոտակայքում Սիրիայի օդուժի ինքնաթիռ էր թռիչք իրականացնում։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի Սու-24 ռմբակոծիչը մոտեցել է թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի Յայլադաղ շրջանի մոտ (Հաթայի նահանգ)՝ չխախտելով թուրքական օդային տարածքը։

Այդ ընթացքում թուրքական կործանիչներն օդ են բարձրացվել, սակայն սիրիական ինքնաթիռի հեռանալուց հետո դրանք վայր են իջեցվել։ Լուրջ միջադեպեր չեն գրանցվել։

Նշենք, որ վերջին ամիսներին թուրքական օդուժը մշտապես օդ է բարձրացնում իր կործանիչները, երբ սիրիական ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները Թուրքիայի և Սիրիայի սահմանի մոտակայքում թռիչքներ են իրականացնում։

2013-ի սեպտեմբերին նման թռիչքի ժամանակ թուրքական կործանիչը կրակ էր բացել պատահաբար Թուրքիայի օդային տարածքը հատած սիրիական Մի-17 ուղղաթիռի վրա` վայր գցելով այն: Ուղղաթիռն ընկել էր Սիրիայի տարածքում։

2014 թվականի մարտին Թուրքիան վայր գցեց Սիրիայի ԶՈւ ՄիԳ-23 կործանիչը`մեղադրելով սահմանը խախտելու համար:

Հավելենք, որ պաշտոնական Անկարան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ուժերին:

One response to “Թուրքական կործանիչներ են օդ բարձրացվել սիրիական ռմբակոծիչի թռիչքի ընթացքում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *