Ռուսաստանցի տանկիստները «Արմատա» տանկեր կարող են ստանալ 2016-ին

Ռուսաստանի զինված ուժերին սերիական արտադրության «Արմատա» տանկեր պաշտպանության նախարարությունը կմատակարարի արդեն 2016-ին: Այս մասին, ըստ ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության, նշել է ՌԴ պաշտպանության նախարարը ՌԴ ԶՈւ զրահատանկային զորքերի օրվա շնորհավորանքում:

Ըստ նախարարի՝ մինչ «Արմատաների» տրամադրումը դրանք առաջին անգամ հանրությանն են ներկայացվելու 2015-ի մայիսի 9-ի՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված զորահանդեսի ժամանակ:

Դրանից առաջ էլ՝ 2014-ի ընթացքում ՌԴ զինված ուժերը կստանան ևս 150 միավոր արդիականացված Տ-72 տանկեր, որոնցից մոտ 500 միավոր էլ ստացել են 2013-ին:

Պետք է նշել, որ ներկայում «Արմատան» փորձարկումների, ինչպես նաև «գովազդվելու» փուլում է: 2013-ից սկսած տանկի մի քանի միավորանոց խմբաքանակը երթային ու կրակային փորձարկումներ է անցնում Ռուսաստանում: Դրա հետ մեկտեղ ՌԴ ՊՆ-ն տանկերը պատրաստող «Ուրալվագոնզավոդի» հետ գովազդային արշավ է սկսել, ու նոր տանկը ներկայացնում է որպես «աշխարհում նմանը չունեցող» և այլն:

Չնայած դրան՝ 2013-ին Ռուսաստանում անցկացված RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ այն ներկայացրել են միայն երկրի բարձրագույն ղեկավարությանը, ու մինչև հիմա շատ քիչ տվյալներ են հայտնի նոր տանկի մասին:

Այսպես, նոր տանկը, ըստ արտադրողների տրամադրած տեղեկությունների, ունենալու է հեռակառավարվող մարտական հանգույց, իսկ անձնակազմը՝ 3 տանկիստները, տեղավորվելու են մեքենայի առջևի հատվածում տեղադրված, խիստ պաշտպանված զրահախցի մեջ: Հայտնի է, որ տանկը զինված է 125 մմ հարթափող թնդանոթով, ինչպես նաև զենիթային գնդացրով:

Ենթադրաբար 55 տոննա մոտավոր զանգված ունեցող «Արմատա» ծանր պլատֆորմի հիման վրա Ռուսաստանում նախատեսում են պատրաստել նաև ծանր հետևակի մարտական մեքենաներ, տանկերի կրակային աջակցման մեքենաներ, ինչպես նաև մարտական ու օժանդակ այլ զրահատեխնիկա: Նույն պլատֆորմի վրա են պատրաստելու նաև հայտնի «Կոալիցիա-ՍՎ» երկփողանի ինքնագնաց հրետանային համակարգը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *