Իսրայելը հրաժարվել է անօդաչուներ վաճառել Ուկրաինային

Իսրայելը որոշում է կայացրել Ուկրաինային չտրամադրել սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր՝ թերևս Ռուսաստանի հետ հարաբերությունները չսրելու ցանկությունից ելնելով։

Aerostar ԱԹՍ

Aerostar ԱԹՍ

Այս մասին փոխանցում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Իսրայելի հեռուստաընկերություններից մեկին։ Ըստ աղբյուրի՝ Ուկրաինան արդեն պայմանագիր է ունեցել իսրայելական Aeronautics Defense Systems  ընկերության հետ, որը հաստատվել է Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից, սակայն երկրի արտաքին գերատեսչությունը, որը ևս իրավասու է միջամտելու նման հարցերում, արգելափակել է պայմանագրի իրականացումը։ Այս պահի դրությամն Իսրայելի պատկան մարմինները չեն մեկնաբանել տեղեկությունը։

Այնուհանդերձ, ռուսաստանյան աղբյուրները հիշեցնում են, որ ՌԴ-ն էլ իր հերթին բազմիցս հրաժարվել է այս կամ այն շահավետ պայմանագրից՝ Իսրայելի հետ հարաբերությունները չփչացնելու համար։ Օրինակ՝ ՌԴ-ն որոշակի տեսակի սպառազինություն չի մատակարարել Իրանին և Սիրիային, ուստի Իսրայելը, ինչպես ակնկալվում էր, պետք է որ նույնը հատուցեր ռուսաստանյան կողմին։ Ընդ որում, ավելի վաղ էլ Իսրայելը ՌԴ-ի շահերին հակասող գործարքներից հրաժարվել է. 2008-ին վրաց-օսեթական պատերազմի նախօրեին կասեցրել է ռազմական համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ։

Ինչ վերաբերում է վերոհիշյալ Aeronautics Defense Systems  ընկերությանը, ապա այն ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ։ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ Ադրբեջանը 2007-ին պատվիրել է այս ընկերության արտադրանքը հանդիսացող 4 միավոր Aerostar ԱԹՍ, ստացել դրանք 2008-ին, ապա 2011-2012-ին Իսրայելի հետ համատեղ Ադրբեջանի տարածքում արտադրվել է ևս 10 միավոր Aerostar: Բացի այդ, Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքի համաձայն՝ 2009-ին պաշտոնական Բաքվի ու իսրայելական Aeronautics Defense Systems-ի միջև կնքվել է պայմանագիր՝ Ադրբեջանում հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերի գործարան հիմնելու վերաբերյալ։ Գործարանը շահագործման էր հանձնվել 2011-ի գարնանը։ Գործարանի սեփականատերն Ադրբեջանի կողմից նշվում է Azad Systems ընկերությունը, որը բացվել է 2011-ի մարտի սկզբին։ Գործարանում կողմերն արտադրում են Orbiter-2M անօդաչուներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *