ՄԱԿ-ի խաղաղապահները լքում են իրենց դիրքերը Գոլանի բարձունքներում

ՄԱԿ-ի խաղաղապահները սեպտեմբերի 15-ին սկսել են հեռանալ Իսրայելի և Սիրիայի միջև բուֆերային գոտուց՝ Գոլանի բարձունքներում իրենց զբաղեցրած դիրքերից։

Գոլանի բարձունքներում խաղաղապահ առաքելության կայան

Գոլանի բարձունքներում խաղաղապահ առաքելության կայան

Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Ջուրաքին։ Նրա խոսքերով՝ նման որոշումը կապված է վերջին շրջանում խաղաղապահների ու իսլամիստների միջև այդ տարածքում արձանագրված բախումների, զինյալների հարձակումների ու Սիրիայում ավելի քան 3 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի հետ։ «Վերջին շրջանում ՄԱԿ-ի խաղաղապահների կողմից վերահսկվող գոտում իրավիճակը խիստ սրվել է, քանի որ զինված խմբավորումները շարժվում են դեպի խաղաղապահների դիրքերը, ինչն էլ ստիպել է մեզ նահանջել դեպի բուֆերային գոտու իսրայելական հատվածը»,-շեշտել է խոսնակը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն օգոստոսի 28-ին հայտարարել էին, որ Սիրիայի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների հատվածում զինյալներն առևանգել են ՄԱԿ-ի 43 խաղաղապահների: Այնուհետև պարզվել էր, որ նրանց թիվը 45 է։ Սեպտեմբերի 2-ին նրանց գերեվարած «Ալ Նուսրայի ճակատ» զինյալների խմբավորումը հայտարարել էր իր պահանջների մասին։ Սեպտեմբերի 12-ին ՄԱԿ-ը հաստատել էր, որ խաղաղապահներն ազատ են արձակվել։

Հավելենք, որ դեռևս 2013-ի մարտին ՄԱԿ-ի խաղաղապահները գերեվարվել էին զինյալների կողմից՝ որոշ ժամանակ անց ազատ արձակվելով: Գոլանի բարձունքներում 2013-ի աշնանն առևանգվել էին ևս 20 զինծառայողի ՄԱԿ-ի ֆիլիպինյան խաղաղապահ ուժերից։ Նրանց 3 օր անց ազատ արձակեցին, իսկ ահա 2013-ի մայիսին ևս 4 ֆիլիպինցու առևանգեցին, որից հետո Մանիլան հայտարարեց, որ դուրս է բերում իր զորքերը Գոլանից։

ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ ուժերը տեղակայված են Իսրայելի և Սիրիայի սահմանագծին 1974 թվականից։ Նրանք հետևում են երկու երկրների միջև հրադադարի ռեժիմին։ 2014-ի հունիսին ՄԱԿ-ը որոշել է իր առաքելությունն այստեղ երկարաձգել մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: 2014-ի հուլիսի 31-ի դրությամբ այս հատվածում կան 1223 խաղաղապահներ Ֆիջիից, Հնդկաստանից, Նեպալից, Իռլանդիայից, Նիդեռլանդներից ու Ֆիլիպիններից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *