Եգիպտոսի նախագահն ԱՄՆ-ին առաջարկում է ընդլայնել հակահաբեկչական կոալիցիայի գործառույթները

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթեհ աս-Սիսին հայտարարել է, որ միջազգային հակաահաբեկչական կոալիցիան չպետք է սահմանափակվի «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դեմ պայքարով, այլ պետք է նաև համակարգված պայքար ծավալի առհասարակ համաշխարհային ահաբեկչության դեմ։

Ջոն Քերին հանդիպել է աս-Սիսսիին

Ջոն Քերին հանդիպել է աս-Սիսսիին

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, այս մասին Եգիպտոսի նախագահը հայտնել է Կահիրե ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին։ Եգիպտական հատուկ ծառայությունների տվյալներով՝ «Իսլամական պետությունը» կապ է հաստատել Եգիպտոսում ծայրահեղական համարվող «Անսար Բաիթ ալ-Մաքդիս» խմբավորման հետ։ Վերջինս բախումներում սպանել էր ավելի քան 100 ուժայինների 2013-ին նախագահ Մուհամեդ Մուրսիին գահընկել անելուց ի վեր։

Աս-Սիսիի խոսքերով՝ Եգիպտոսը կողջունի «Անսար Բաիթ ալ-Մաքդիս» խմբավորման դեմ ուղղված ցանկացած քայլ։ Ուշագրավ է, որ նախագահը կոչ է արել պայքար ծավալել նաև «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության դեմ, որն աս-Սիսիի նախագահ դառնալուց ի վեր՝  ահաբեկչական է ճանաչվել, և նրա անդամներից մեծ մասի դեմ մահապատիժ է սահմանվել։ Ինքը՝ Մուրսին, ևս ազատազրկված է, նրան մեղադրում են ահաբեկիչների հետ համագործակցելու, ոստիկանների ու զինծառայողների սպանելու և սպանելու հրաման տալու համար։

Աս-Սիսին նաև անհանգստություն է հայտնել «Իսլամական պետության» շարքերում արտասահմանից ժամանած զինյալների առկայությաբն առնչությամբ։ Ինչպես շեշտել է նախագահը, այդ զինյալները սովորաբար այս կամ այն եվրոպական երկրի անձնագիր ունեն, ուստի կարող են անարգել վերադառնալ, և վտանգ ներկայացնելով նույն այդ երկրների համար՝ անձնագրի շնորհիվ չեն ենթարկվի համապատասխան ստուգումների։

Ըստ աղբյուրի՝ Քերին էլ իր հերթին հավաստիացրել է, որ Եգիպտոսը խիստ նշանակալից դեր ունի «Իսլամական պետությանը» ու դրա գաղափարախոսությանը հակազդելու գործընթացում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն ցամաքային զորքեր չի մտցնի Իրաք «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դեմ պայքարելու, սակայն հավանական է համարել Սիրիայում և Իրաքում նույն իսլամիստների հենակետերին օդային հարվածներ հասցնելը։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 5-ին,  Օբաման ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ներկայացրել է «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի ստեղծման նախագիծ։ Նա ընդգծել է, որ միջամտությունը դարձել է բացարձակ անհրաժեշտություն իսլամիստների առաջխաղացումը կասեցնելու համար։

«Իսլամական պետություն» (նախկին՝ «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն») իսլամիստական խմբավորումը 2014-ի հունիսի սկզբին սկսել էր Իրաքի հյուսիսային ու արևմտյան հատվածների խոշոր քաղաքների գրավման գործընթացը։ Նրանց հաջողվել էր հանկարծակի գրոհների արդյունքում իրենց վերահսկողության տակ վերցնել մի քանի քաղաքներ. հունիսի 10-ին նրանք գրավել էին Մոսուլը, ապա՝ հունիսի 11-ին՝ Տիգրիտը, մի քանի օր անց մոտեցել էին մայրաքաղաք Բաղդադին։

Նշենք նաև, որ օգոստոսի 15-ին ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որի համաձայն պատժամիջոցներ են կիրառվելու Իրաքում ու Սիրիայում մարտնչող «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական խմբավորումների անդամների և նրանց հետ առնչություն ունեցողների դեմ։ Այդ ցուցակում դեռևս ընդգրկված են 6 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *