ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Միասնության օրվան նվիրված միջոցառմանը

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է եղել «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարվա սեպտեմբեր ամսին Սևանի «Ժայռ» հանգստյան գոտում կազմակերպվող Միասնության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Սեյրան Օհանյանը մասնակցել է Միասնության օրվան նվիրված միջոցառմանը

Սեյրան Օհանյանը մասնակցել է Միասնության օրվան նվիրված միջոցառմանը

Արդեն երկրորդ տարին է, ինչ Միասնության տոնի շրջանակներում կազմակերպվում է «Ժայռ» համահայկական մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են Հայաստանի, այդ թվում՝ Արցախի, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցները:
Պաշտպանության նախարարը  ողջունեց միջոցառման մասնակիցներին և շնորհավորեց Միասնության տոնի կապակցությամբ:

«Ժայռ» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսան Մինասյանի խոսքով` միջոցառման նպատակն է պայքարել երիտասարդության շրջանում հասարակական խնդիրների հանդեպ անտարբերության դեմ, երիտասարդների մեջ սերմանել հայրենատիրության գաղափարը, նպաստել երիտասարդների` հասարակական գործընթացներում ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:

Միասնության տոնի շրջանակներում կազմակերպված «Ժայռ» համահայկական մրցույթ-փառատոնը մեկնարկել էր դեռևս ապրիլ ամսից: Մրցույթին կարող էին մասնակցել տարբեր երկրներում բնակվող հայ ազգի երիտասարդները քանդակագործության, երաժշտության, գեղանկարչության, հագուստի մոդելավորման, ասմունքի և այլ անվանակարգերում: Մինչև օգոստոսի 15-ը հայտերի ընդունման փուլն էր, իսկ օգոստոսի 30-ին` Երևանյան փուլը, որի մրցանակակիրները սեպտեմբերի 11-ից Սևանի «Ժայռ» հանգստյան գոտու ճամբարում էին և հասցրել են մասնակցել բազմաթիվ միջոցառումների:
«Ոչ պատերազմին» կարգախոսի ներքո անցկացվող Միասնության օրվա շրջանակում տեղի ունեցավ տոնական համերգ` «Փարոս» կամերային երգչախմբի և «Համայնքի զարկերակ» պարային համույթի մասնակցությամբ: Ներկաներին ողջունեց նաև Կիլիկիա նավի անձնակազմը:
Միջոցառման ավարտին մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի, իսկ հաղթողները` պատվոգրերի և մրցանակների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *