Խաղաղ օվկիանոսում վթարվել է ԱՄՆ ՌԾՈւ 2 միավոր F/A-18C Hornet կործանիչ

ԱՄՆ նավատորմի Carl Vinson ավիակրից թռիչք կատարած 2 միավոր F/A-18C Hornet կործանիչ հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 11-ին, վթարի է ենթարկվել Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում։ Վթարի պատճառը դեռևս ճշտված չէ, սակայն ըստ որոշ տեղեկությունների, կործանիչները վայր են ընկել իրար բախվելու հետևանքով։ Այս մասին հայտնում է ամերիկյան «TheWall Street Journal» պարբերականը։

F/A-18 Hornet կործանիչներ

F/A-18 Hornet կործանիչներ

Նշվում է, որ Carl Vinson ավիակիրը Սան Դիեգո քաղաքի մերձակայքում տեղակայված ռազմակայանը լքել էր օգոստոսի 22-ին և ուղևորվում էր Պարսից ծոց։

Կործանիչներից մեկի օդաչուին հաջողվել է փրկվել կատապուլտի միջոցով, նրան հայտնաբերել և ցույց են տվել համապատասխան բժշկական օգնություն։ Երկրորդ օդաչուին գտնելու նպատակով որոնողական աշխատանքները դեռևս ընթացքում են։ Դրանցում ներգրավված են նաև օժանդակ ռազմանավեր։ Զուհաեռ սկսվել է հետաքննություն՝ դեպքի մանրամասները պարզելու նպատակով։

Միջադեպից անմիջապես հետո, ավիակրի կազմում գտնվող և այդ պահին թռիչքներ իրականացնող բոլոր ինքնաթիռները վերադարձվել են կայանման վայր։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ՝ 2014-ի հունիսին, գրանցվել էր նմանատիպ ևս մեկ միջադեպ. ԱՄՆ նավատորմի F/A-18E Super Hornet կործանիչն ընկել էր օվկիանոսը՝ Վիրջինիա նահանգի ափամերձ շրջանում։ Օդաչուին այդ ժամանակ հայտնաբերել և փրկել էին ձկնորսները։

F/A-18C Hornet կործանիչ-ռմբակոծիչը նախագծվել է 1970-ականներին և ներկայումս ամերիկյան ավիակիրների հիմնական հարվածային միջոցներից է։ Մեկ օդաչու ունեցող ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 1920 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 240 մետր է։ Սպառազինությունում այն ունի 20 մմ-անոց ավիացիոն 1 հրանոթ և ամրակցման 9 կետ՝ մինչև 7030 կգ ընդհանուր զանգվածով ռումբեր և հրթիռներ կրելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *