2012-ին ԱՄՆ բանակում օրական բռնաբարել են միջինը 71 զինծառայողի

Բրիտանական հեղինակավոր International Business Times պարբերականն անդրադարձել ԱՄՆ բանակում բռնաբարությունների և զինվորների անպաշտպանվածության խնդրին, որում մեջբերել է վիճակագրական հետաքրքիր տվյալներ արատավոր այդ երևույթի վերաբերյալ։ Հոդվածի հեղինակ Մարիա Խանը խնդրին անդրադարձել է ընդհանուր գծերով, սակայն ավելի ուշագրավ է մեկ տարվա վաղեմության հրապարակումը, որին Խանը հղում է տվել ԱՄՆ բանակում բռնաբարությունների խնդրին անդրադառնալիս։

ԱՄՆ բանակի զինծառայողներ

ԱՄՆ բանակի զինծառայողներ

Երկար տարիներ հասունացող այս խնդիրը Միացյալ Նահանգներում հանրային լայն քննարկման, այնուհետև Սենատի մտահոգության առարկա դարձավ 2013-ին։ Հենց այդ ժամանակ էլ ընդունման ներկայացվեց նոր օրինագիծ, որը նախատեսում էր ավելի խիստ պատիժ բանակում զինծառայողների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար, ինչպես նաև ենթադրում էր զինծառայողների պաշտպանվածության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ։

Օրինագծի քննարկման ժամանակ Պենտագոնը ներկայացրել է ցնցող վիճակագրություն, համաձայն որի 2012-ին բանակում ծառայող արական սեռի 1.2 միլիոն զինծառայողից սեռական բռնության է ենթարկվել 13 900-ը։ Միևնույն ժամանակահատվածում բանակում ծառայող 203 հազար կանանցից սեռական բռնության է ենթարկվել 12 100 հոգի։ Ըստ այդմ, 2012-ի վիճակագրության միջինացված տվյալներով ստացվում է, որ օրական բռնության է ենթարկվել ԱՄՆ բանակի արական սեռի 38 և իգական սեռի 33 զինծառայող, իսկ գումարային առումով, բռնաբարվածների թիվը, փաստորեն, օրական միջինը կազմում է 71 մարդ։

Հետագա տարիների համար ամփոփ վիճակագրական տվյալներ մինչ օրս չեն ներկայացվել, սակայն անդրադառնալով 2012-ի պատկերին պետք է հաշվի առնել նաև այն, որ վկայաբերված թվերը չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ բռնաբարության զոհ դարձած բազմաթիվ զինծառայողներ գերադասում են լռել իրենց հետ պատահած միջադեպի մասին։

ԱՄՆ բանակում տիրող արատավոր այս խնդրի վերաբերյալ պատկերացումներն ավելի հստակ դարձնելու համար, 2013-ի մայիսին Սենատում ելույթի համար հրավիրվել էր նավատորմի պաշտոնաթող սպա Բրայան Լյուիսը, ով ևս ենթարկվել է բռնաբարության 2000 թվականին։ Իր խոսքում նա պատմեց, որ բռնաբարության զոհ դարձած զինծառայողները խուսափում են բարձրաձայնել կամ զեկուցել այդ մասին վերադաս հրամանատարությանը, քանի որ բանակում դա համարվում է ամոթալի արարք և հաճախ այդ քայլի դիմած անձինք պատժվում են իրենց ծառայակիցների կողմից։

Լյուսիը նաև նշեց, որ բռնաբարության զինծառայողները դիմում են ոչ այնքան ֆիզիոլոգիական պահանջները բավարարելու, որքան իրենց առաջնորդությունն ու գերակայությունը մյուսների նկատմամբ ցույց տալու համար։

Նշենք, որ Սենատը 2013-ի աշնանն ընդունեց փոփոխություններն օրինագծի մեջ, որը բռնաբարության համար սահմանված պատժի խստացումից բացի, ներառում էր նաև զինծառայողների պաշտպանվածությանն ուղղված մի շարք բարեփոխումներ, որոնց թվում է նաև վստահության շուրջօրյա գործող ծառայության հիմնումը՝ որին զանգահարելով զինծառայողները կարող են հայտնել իրենց նկատմամբ կիրառված բռնության մասին՝ պահպանելով անձի գաղտնիությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *