Բրազիլիան հավելյալ 3 միավոր UH-60M Black Hawk ուղղաթիռ կգնի ԱՄՆ-ից

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Բրազիլիային 3 միավոր UH-60M Black Hawk ուղղաթիռի վաճառքին։ Գործարքը, որը գնահատվում է 145 միլիոն ամերիկյան դոլար, 3 միավոր ուղղաթիռից բացի, ենթադրում է նաև պահեստային հավելյալ 2 շարժիչ, այլ պահեստամասեր և արբանյակային նավիգացիոն համակարգի 8 կոմպլեկտ։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

UH-60M Black Hawk ուղղաթիռ

UH-60M Black Hawk ուղղաթիռ

Ամերիկյան կողմը պարտավորվում է նաև վերապատրաստել ուղղաթիռների սպասարկման համար պատասխանատու ինժեներական անձնակազմը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ցուցաբերել տեխնիկական աջակցություն։

Նշվում է, որ Բրազիլիայում այս ուղղաթիռներն օգտագործվելու են հիմնականում ներքին անվտանգության ապահովման, ինչպես նաև որոնողափրկարարական աշխատանքների իրականացման համար։ Հիշատակման է արժանի նաև այն, որ այս ուղղաթիռը Բրազիլիայի համար նորույթ չէ։ Այն կիրառվում է զինված ուժերի բոլոր երեք զորատեսակներում՝ ռազմաօդային և ռազմածովային ուժերում, ցամաքային զորքերում։

Սրան զուգահեռ Բրազիլիան բանակային իր ստորաբաժանումները մտադիր է համալրել նաև Airbus Helicopters ուղղաթիռաշինական ընկերության HM-4 Jaguar ուղղաթիռներով, որոնք պատվիրատուին կհասնեն մինչև 2016-ի վերջը։

Ամերիկյան «Սիկորսի» ուղղաթիռաշինական կորպորացիայում արտադրվող UH-60 Black Hawk (Սև շահեն) բազմաֆունկցիոնալ ուղղաթիռը շահագործվում է 1979-ից։ Մինչ օրս արտադրվել է դրա ավելի քան 4 000 օրինակ։ 4 Հոգանոց անձնակազմ ունեցող (2 օդաչու, 2 կողային գնդացրորդ) ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 300 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 5 800 մետր է։ Սպառազինությունում ուղղաթիռն ունի տարբեր տրամաչափի գնդացիրներ, 70 մմ-անոց «Հիդրա» չկառավարվող հրթիռներ, ինչպես նաև լազերային նշանառությամբ օժտված «Հելֆայր» հրթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *