Ի՞նչ է սպասվում սպայական դասընթացի պայմանագիրը լուծարողին. ՊՆ-ն պարզաբանում է

Երեկ ՊՆ տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ կազմակերպվում են մեկամյա ժամկետով սպայական դասընթացներ, որոնք կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից՝ Վ.Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներում: Համապատասխանաբար՝ կպատրաստվեն հրետանավորներ, ՀՕՊ մասնագետներ և կապավորներ:

Razm.info-ն որոշ մանրամասներ պարզեց դասընթացի կազմակերպման և դրանից՝ ժամկետից շուտ հրաժարվելու մասին:

Մեզ հետ զրույցում գնդապետ Էդվարդ Ոսկանյանը նշեց, որ դասընթացներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր ենթակա են գարնանային զորակոչին՝ անկախ այն հանգամանքից՝ բուհն ավարտել են այս, թե նախորդ տարիներին:

Սպայական դասընթացների կազմակերպումն այս տարի բավական մեծ արձագանք ստացավ հասարակության կողմից, սակայն, հատկանշական է, որ դրանք նորամուծություն չեն և արդեն երրորդ տարին է ինչ կազմակերպվում են:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք որոշ ժամանակ անց պայմանագրից հրաժարվել՝ գնդապետ Էդվարդ Ոսկանյանն ասաց. «Ցանկացած պահի հնարավոր է պայմանագիրը լուծարել՝ պայմանով, որ գնալու են ծառայեն՝ որպես ժամկետային պարտադիր զինվորական ծառայող»:

Հիշեցնենք, որ մասնակցության համար դիմած և ընտրված զորակոչիկների հետ հուլիսի 1-ից կանցկացվի երիտասարդ զինվորի պատրաստության 8 շաբաթյա դասընթաց, որից հետո նրանց հետ կկնքվեն մեկամյա ուսուցման ժամկետով սպայական դասընթացին մասնակցելու և հետուսումնական երեք տարվա պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագրեր:

Ուսումնառության ավարտին զինծառայողներին կշնորհվի սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում և վիճակահանության կարգով նրանք կնշանակվեն դասակի հրամանատարի համապատասխան պաշտոնների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *