Հայ-ռուսական համատեղ զորավարժության ամփոփիչ փուլն Ալագյազ զորավարժարանում (ֆոտո/վիդեո)

Արագածոտնի մարզում տեղակայված Ալագյազ զորավարժարանի տարածքում գտնվող բարձունքը, որը ծառայում է որպես ուսումնական թիրախների տեղակայման վայր, զորավարժության ավարտից նույնիսկ ժամեր անց շարունակում է ծխալ. պատճառը փողային և ռեակտիվ հրետանու հարյուրավոր արկերն էին, որոնք արձակել էին հայ-ռուսական միացյալ զորախմբի տարբեր ստորաբաժանումները՝ պայմանական հակառակորդի լայնամասշտաբ հարձակումը կասեցնելիս։

ՀՀ ԶՈւ զինծառայողներն «Ալագյազ»  զորավարժարանում

ՀՀ ԶՈւ զինծառայողներն «Ալագյազ» զորավարժարանում

Զորավարժարանում 2014-ի սեպտեմբերի 5-ին անցկացվեց 2 օր առաջ մեկնարկած հայ-ռուսական միացյալ զորախմբի գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ փուլը, որում ներգրավված էին ինչպես ՀՀ զինված ուժերի, այնպես էլ Հայաստանում 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի մեծաթիվ անձնակազմը, հրետանային միջոցներն ու զրահատեխնիկան։ Զորավարժության ընթացքին էր հետևում նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը։

Զորավարժության եզրափակիչ փուլի սցենարի հիմքում «Օսմանիայի Հանրապետություն» անունը կրող պայմանական հակառակորդ պետության նախահարձակ գործողություններն էին, որին հայ-ռուսական միացյալ զորախումբը պետք է դիմագրավեր համատեղ ուժերով։

Ըստ զորվարժության սցենարի`  հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցել էր Հայաստանի Հանրապետության տարածք, սակայն կարճ ժամանակ անց այն հայտնաբերեցին սահմանի տվյալ հատվածի հսկողությունն իրականացնող ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ստորաբաժանումներն ու բարեհաջող չեզոքացրին։

Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի՝ զորավարժությանը մասնակից զինծառայողները

Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի՝ զորավարժությանը մասնակից զինծառայողները

Սակայն ինչպես կպարզվեր քիչ անց՝ դիվերսիոն խմբի ներթափանցման նպատակը ուշադրության շեղումն էր հարվածի հիմնական ուղղությունից։ Տեղանքի հետախուզության և պայմանական հակառակորդի հիմնական ուժերի տեղաշարժի իրական ուղղությունը բացահայտելու նպատակով երկինք են արձակում հետախուզական անօդաչուներ, որոնք կարճ ժամանակ անց հրամանատարական կետին հաղորդում են պատկեր իրական ժամանակով, որի միջոցով էլ պարզ է դառնում` հակառակորդն առաջ է շարժվում մեծաքանակ զրահատեխնիկայով ու կենդանի ուժով։

Պայմանական հակառակորդի առաջխաղացմանը խոչընդոտելու և դրանով իսկ թիկունքային սեփական զորամասերը տագնապով առաջնագիծ բերելու համար անհրաժեշտ ժամանակ շահելու համար գործի են անցնում ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք ականապատում ու պայթեցում են պայմանական այն կամուրջը, որն իրար էր կապում Հայաստանի Հանրապետությունն ու «Օսմանիայի Հանրապետությունը»։

ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենան՝ խրամատավորված առաջնագծում

ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենան՝ խրամատավորված առաջնագծում

Նախքան աջակից ուժերի ժամանումը, հայ-ռուսական միացյալ զորախմբի առաջապահ ուժերի հրետանային ստորաբաժանումները լայնամասշտաբ կրակ են բացում գրոհող հակառակորդի ուղղությամբ։ Գործի են դրվում հրետանային և զենիթային առկա բոլոր միջոցները. «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանք, «Գեոցինտ-Ս» ինքնագնաց թնդանոթ, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, Տ-72 տանկեր ու «Շիլկա» ինքնագնաց զենիթային կայաններ։

Հրետանային կրակի արդյունքում թնդում էր ողջ զորավարժարանը, միանում էր մինչև մի քանի կիլոմետր հեռավորության վրա կայանած քաղաքացիական մեքենաների հակաառևանգման համակարգի ձայնային ազդանշանը։ Պայթյունները հանդիսատեսին այնքան մոտ էին թվում, որ հրամանատարական դիտորդական կետից (ՀԴԿ) զորավարժության ընթացքին հետևող բարձրաստիճան զինվորականներից մեկը նույնիսկ կատակով ասում է. «ոնց հասկանում եմ, զորավարժության եզրափակիչ գործողությունը լինելու է ՀԴԿ-ի պայթեցումը»։

Սակայն եզրափակիչ գործողությունն իհարկե այլ էր՝ լայնամասշտաբ հակահարձակում գրոհող հակառակորդի ուղղությամբ։ Արկերի պայթյունների մեկ-երկու վայրկյան տևող դադարի ընթացքում թիկունքից լսվում է ռազմական տեխնիկայի մոտեցող շարասյան շարժիչների ձայնը։ Սկզբում դժվար է հասկանալ, թե ինչ տեխնիկա է մոտենում, քանի որ միակ բանը, ինչը երևում է վիզուալ շփման  արդյունքում՝ թիկունքից առաջնագիծ բերող ճանապարհի ողջ երկայնքով օդ բարձրացող փոշու ամպն է։

ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայի վարած մարտի արդյունքները

ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայի վարած մարտի արդյունքները

Շարասյան՝ մարտական գործողությունների անմիջական շրջան հասնելու ժամանակ է միայն պարզվում, որ օգնության հասած և միաժամանակ հակահարձակում իրականացնող ուժերի կազմում են լրացուցիչ տասնյակ տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինչպես նաև հետևակային ստորաբաժանումներն առաջնագիծ փոխադրող տասնյակ միավոր ԿամԱԶ բեռնատար մեքենաներ։

Օգնության հասած հետևակային ստորաբաժանումները ժամանեցին մարտի դաշտ

Օգնության հասած հետևակային ստորաբաժանումները ժամանեցին մարտի դաշտ

Հրամանատարական դիտորդական կետում տեղադրված կապի կայանն աստիճանաբար ստանում է զեկույցներ հակառակորդի պայմանական դիրքերը փոշու և ծխի վերածած ստորաբաժանումների հրամանատարներից. մեկը մյուսին հաջորդում են ազդականչերն ու զեկույցը. «բոլոր նախանշված թիրախները խոցված են, հակառակորդը նահանջում է ելման դիրքեր»։ Եվ այդպես հաջորդը, հաջորդը…

Զորավարժության ավարտից հետո շրջում ենք պաշտպանական դիրքերի այն գծով, որտեղ խրամատավորված էր հայ-ռուսական միացյալ զորախմբի զրահատեխնիկան։ Շուրջբոլորը օգտագործված զինամթերքի պարկուճներ, զինամթերքի դատարկ արկղեր, այդ ամենը շուրջ 2 ժամ տևած հրետանային, զենիթային, հրանոթային և հրաձգային անդադար կրակի արդյունքում բաժին է հասել գրոհող հակառակորդին։ Ու թեպետ ավելի քան 20 րոպե մարտական հրաձգությունը դադարել է, օդում դեռևս կանգնած է վառոդի հոտը։

Պայմանական հակառակորդի վրա դատարկված զինամթերքի արկղը

Պայմանական հակառակորդի վրա դատարկված զինամթերքի արկղը

ՀՄՄ-ի օգտագործած զինամթերքի պարկուճները

ՀՄՄ-ի օգտագործած զինամթերքի պարկուճները

Շարահրապարակում կանգնած են զորավարժությանը մասնակից զինծառայողները, նրանց շնորհավորական և շնորհակալական խոսքով է դիմում միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանն, ում ձայնի հավասարակշռությունը ելույթի ընթացքում աստիճանաբար փոխարինվում է զայրույթով ու նա հնչեցնում է զորավարժության ողջ իմաստն իր մեջ ամփոփող ուղերձը. «թող որևէ պետություն, անկախ իր ռազմական ներուժից, չհամարձակվի սպառնալ Հայաստանին»։

Պարգևատրման է ներկայացել ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողը

Պարգևատրման է ներկայացել ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողը

3 responses to “Հայ-ռուսական համատեղ զորավարժության ամփոփիչ փուլն Ալագյազ զորավարժարանում (ֆոտո/վիդեո)

  1. Pingback: Հայ-ռուսական համատեղ զորավարժության ամփոփիչ փուլն Ալագյազ զորավարժարանում (ֆոտո/վիդեո) Razm.info | Armday

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 | Ռազմ.info

  3. Pingback: Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը պատրաստ է ստորագրման | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *