ԱՄՆ ծովային հետևակը շահագործումից դուրս է բերել վերջին Bell UH-1N Huey ուղղաթիռը

ԱՄՆ ծովային հետևակը շահագործումից դուրս է բերել վերջին բազմանպատային Bell UH-1N Huey ուղղաթիռը, որը շահագործվում էր ավելի քան 40 տարի։ Ուղղաթիռի` շահագործումից հրաժարվելու հանդիսավոր արարողությունը կայացել է օգոստոսի 28-ին ԱՄՆ ՌՕՈւ Նոր Օռլեանի ռազմակայանում։

Bell UH-1N Huey ուղղաթիռը

Bell UH-1N Huey ուղղաթիռը

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական կայքը, վերջին Huey ուղղաթիռն ԱՄՆ ծովային հետևակը սկսել էր շահագործել 1971-ին։ Ուղղաթիռը մասնակցել էր Աֆղանստանում մարտական գործողություններին մինչև 2010-ը։

Նշենք, որ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսն ունեցել է 250 միավոր Bell UH-1N Huey ուղղաթիռ։ Դրանք բոլորն ԱՄՆ-ն փոխարինել է ժամանակակից բազմանպատակային Bell UH-1Y Venom ուղղաթիռներով։ Bell UH-1Y Venom-ները ստեղծվել են Bell UH-1N Huey-ի հիմքի վրա, սակայն վերջինից տարբերվում են չափերով և գերազանցում են տեխնիկական տվյալներով՝ բեռնատարողությամբ, արագությամբ, թռիչքի հեռավորությամբ, բալիստիկ պաշտպանվածությամբ և անձնակազմի անվտանգության ապահովմամբ։ 2018-ին ծովային հետևակն ընդհանուր առմամբ  ստանալու է 160 միավոր UH-1Y Venom:

Այդուհանդերձ, Bell UH-1N Huey ուղղաթիռները դեռևս շահագործվում են ԱՄՆ ռազմաօդային ուժերում, Մեծ Բրիտանիայում, Իրանում, Թուրքիայում, Իսրայելում, Իսպանիայիում, Պերուում, Ճապոնիայում։ Ուղղաթիռն ունակ է բացել մինչև 220 կմ/ժ արագություն, զանգվածը 2721 կգ է, օգտակար բեռնվածությունը՝ 2038 կգ, անձնակազմը՝ 4 հոգի, կարող է տեղափոխել 14 հոգու, թռիչքի առաստաղը՝ 5723 մ, թռիչքի հեռավորությունը՝ 460 կմ, զինված է 12.7 ու 7.62 տրամաչափերի 2 գնդացիրներով, կարող է կրել կոնտեյներներ՝ չկառավարվող հրթիռներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *