Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 (վիդեո)

Թուրքիան մի շարք միջազգային զորավարժությունների է մասնակցում, Դիարբեքիրում F-16 է կործանվել, Թուրքիան պակիստանյան կործանիչներ է արդիականացրել, թուրքական զինուժի թվաքանակը հայտնի է և այլ հետաքրքիր զարգացումներ՝ Ռազմինֆոյի պատրաստած ռազմաշաբաթում.

” Թուրքիան մասնակցում է MSPO ռազմական ցուցահանդեսին, որն անցկացվում է Լեհաստանում։ Սեպտեմբերի 1-ին մեկնարկած ռազմական ցուցահանդեսին մասնակցում է 27 պետության 500 ընկերություն։ Այն շարունակվելու է մինչ սեպտեմբերի 4-ը։ Թուրքական կողմը ցուցահանդեսին ներկայացել է 9 ընկերությունով։

” Թուրքական օդուժն օդ է բարձրացրել 2 միավոր F-16 կործանիչ, երբ թուրք-սիրիական սահմանի մոտակայքում թռիչք է կատարել Սիրիայի ռազմաօդային ուժերի Սու-22 գրոհիչը։ Սիրիական ինքնաթիռը չի հատել թուրքական օդային տարածքը և քիչ անց հեռացել է սահմանային հատվածից, ինչից հետո թուրքական կործանիչներն իջեցվել են։

” Թուրքիայի աերոտիեզերական արդյունաբերություն (TAI) ընկերությունն ավարտել է Պակիստանի ռազմաօդային ուժերի վերջին 4 միավոր F-16 կործանիչների արդիականացումը։ Թուրքական կողմը պակիստանյան կործանիչների արդիականացման աշխատանքները սկսել էր 2009 թվականին։ Ընդհանուր առմամբ, թուրքերը 41 միավոր F-16 են արդիկանացրել պակիստանյան կողմի համար։

” Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան, մեծամասամբ քրդաբնակ Դիարբեքիր նահանգում սեպտեմբերի 2-ի ցերեկային ժամերին F-16D կործանիչ է վթարվել: Կործանիչի կին օդաչուն կարողացել է կատապուլտի միջոցով փրկվել:

” Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են սեպտեմբերի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ, թուրքական զինուժի ընդհանուր անձնակազմը շուրջ 671 հազար մարդ է։

” Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի ավիացիոն դպրոցն ավարտել են ինչպես Թուրքիայից, այնպես էլ Ադրբեջանից, Վրաստանից, Թուրքմենստանից և Հորդանանից կուրսանտներ։ Օդաչուի վկայական են ստացել 194 շրջանավարտ, որոնցից 4-ը եղել են Ադրբեջանից, 2-ականը՝ Թուրքմենստանից, Հորդանանից և Վրաստանից։ Շրջանավարտներից 6 իգական սեռի ներկայացուցիչ են, սակայն թե որ երկրներն են ներկայացնում, հայտնի չէ։

” Թուրքիայում Պակիստանի հետ համատեղ զորավարժություն է մեկնարկել, որին մասնակցում են երկու երկրների ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները։ Tusap Raiders (Թուսափ Ռեյդերս) անունը կրող վարժանքները մեկնարկել են սեպտեմբերի 1-ին թուրքական Քոնիա նահանգի 3-րդ ավիաբազայում և շարունակվելու են մինչ սեպտեմբերի 12-ը։

” Հունգարիայում Թուրքիայի մասնակցությամբ COOPERATIVE SAREX անվամբ համատեղ զորավարժությունն է մեկնարկել։ Սեպտեմբերի 1-ին մեկնարկած զորավարժությունը շարունակվելու է մինչ նույն ամսվա 12-ը։ Այն անց է կացվում հունգարական Փափա ավիաբազայում։

” Թուրքիան, Ուկրաինան, Վրաստանը և մի շարք այլ երկրներ մասնակցում են Գերմանիայում ընթացող և ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող խոշոր Combined Endeavor զորավարժությանը, որն անց է կացվում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 12-ը։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

One response to “Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 (վիդեո)

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *