Ադրբեջանում ձերբակալել են Սիրիայի մարտերին մասնակցած զինյալի

Օրերս Ադրբեջանում՝ Գյանջայի (Գանձակի) օդակայանում ձերբակալել են Սիրիայում Բաշար Ասադի համախոհների դեմ մարտնչող խմբավորումներին անդամակցած, Բաքվի բնակիչ, 1988-ին ծնված Մարդանով Մաարիֆ Իրշադ օղլուին։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, զինյալը Սիրիայում է եղել 9 ամիս, այնուհետև տեղափոխվել էր Թուրքիա, ապա Թուրքիայից՝ Ադրբեջան։ Նրա դեմ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 279 հոդվածի համաձայն՝ օրենքով արգելվող զինված խմբավորումների ստեղծում կամ անդամակցում։ Հետաքննությունը շարունակվում է։

Հավելենք, որ 2013-ի կեսերից ի վեր ադրբեջանական մամուլը, մասնավորապես՝ ԱՊԱ լրատվական գործակալությունը, հաղորդում են Սիրիայում կռվող և սպանված, հիմնականում ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին անդամակցած Ադրբեջանի քաղաքացիների մասին։ Ադրբեջանական մամուլը չի հստակեցնում՝ ինչ աղբյուրներից է քաղել տեղեկությունը, բացի այդ էլ, մինչ օրս Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հաստատել, որ սպանված զինյալներն ադրբեջանցիներ են կամ Ադրբեջանի քաղաքացիներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *