Զորամասի հրամանատարի վարորդի երազանքն ու վերջին լարվածության մասին պատմությունը (ֆոտո/վիդեո)

Մեսրոպ Քարամյանն արդեն 9 ամիս է, ինչ Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի հրամանատարի վարորդն է։ Հերթապահություն իրականացնող այդ զորամասին պետական սահմանի բավական բարդ հատված է բաժին ընկել անառիկ պահելու համար։

Մեսրոպ Քարամյանն ընթացքի ժամանակ

Մեսրոպ Քարամյանն ընթացքի ժամանակ

Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում առաջնագծում լարվածության ժամանակ զորամասի հսկողության տակ գտնվող նույն մարտական դիրքի վրա հակառակորդը երկու անգամ դիվերսիա իրականացրեց, որը հնարավոր եղավ կանխել համատեղ աշխատանքի ու պատրաստվածության շնորհիվ։

Մեսրոպից հետաքրքրվում ենք, թե ինչ է անում, երբ առաջնագծում լարված է լինում ու զորամասից շտապ պետք է լինում հասնել մարտական դիրք։ Ու մինչև Մեսրոպը կպատասխաներ, զորամասի հրամանատար Էդվարդ Ասրյանը նշում է.

«Այդ ժամանակ մինչև զորամասի հրամանատարը հասցնում է մտնել մեքենա, հարցնում եմ՝ զենքը, ասում է՝ պարոն գնդապետ, լրիվ ստացել եմ, զենքը, զրահը, Դուք մենակ թե նստեք մեքենան։ Նստում եմ մեքենան ու 120 վրա հասնում է, ուր ասես։ Որտեղ հրամանատարը, այնտեղ էլ ինքը։ Կարելի է ասել դառնում է և´ հրամանատարի վարորդ, և´ թիկնապահ։ Ջահել տղա է, 19 տարեկան, բայց արդեն ամեն ինչ սովորել է»,- հավաստիացնում է գնդապետ Ասրյանը։

Հրամանատարի վարորդը

Հրամանատարի վարորդը

Առաջին անգամ հրամանատարին փոխադրելիս անհանգիստ է եղել, իսկ հետո արդեն ամեն ինչ կարգավորվել է։

Հետաքրքրվում ենք, թե արդյոք գոհ է վարորդ լինելուց, պատասխանում է. «Գոհ եմ, որ իր վարորդն եմ, ոչ թե որ ուղղակի վարորդ եմ»։
Ծառայությունն ավարտելուց հետո դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու, բայց երազում է դառնալ երկրի նախագահ։

«Երբ դառնամ երկրի նախագահ, ինչքան զորամասի հրամանատար կա, բոլորի մեքենաները փոխելու եմ»,- ժպտում է Քարամյանը։

Հրամանատար Ասրյանը շեշտում է, որ օրվա մեծ մասը հենց ճանապարհներին են լինում, որպեսզի իրենց անմիջական ներկայությամբ զինվորներին ոգևորեն։

«Մշտապես դիրքերում ենք եղել, քանի որ զինվորի մարտական ոգին բարձրանում է, երբ իր կողքին ես լինում։ Հասարակ դեպքերում էլ, երբ գործ կատարելիս հրամանատարը բահով հողն այն կողմ է շպրտում իրենց հետ, զինվորն իրեն լավ է զգում։ Մենք միշտ զինվորի կողքին ենք»,- եզրափակում է գնդապետը։

Հիշեցնենք, որ Ռազմինֆոն Արցախի Պաշտպանության բանակում էր օգոստոսի 18-20-ը՝ ՊԲ-ի և «Հետք» պարբերականի նախաձեռնության շրջանակում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *