Իրանը փորձարկել է սեփական արտադրության զենիթահրթիռային համալիրը

Իրանը փորձարկել է իր նոր «Բավար-373» (Bavar-373) հակահրթիռային պաշտպանության համալիրը։ Այս ՀՕՊ համակարգն իրանցիները համարում են ռուսաստանյան Ս-300 ԶՀՀ-ների այլընտրանք, որը որոշ չափորոշիչներով «անգամ գերազանցում է ռուսաստանյան նախատիպին»։

Bavar-373 ԶՀՀ-ի հրթիռը

Bavar-373 ԶՀՀ-ի հրթիռը

Ինչպես հաղորդում է իրանական Press TV հեռուստատեսության կայքը, «Բավար-373»-ը պետք է շահագործման պատրատ լինի 2015-ի մարտին։ Վերջինիս մարտավարատեխնիկական տվյալները չեն հստակեցվում։ Փորձարկումների մասին այլ տվյալներ ևս չեն հրապարակվել։

Հիշեցնենք, որ 2014-ի օգոստոսի վերջին Իրանը փորձարկել է ևս մեկ տեղական արտադրության զենիթահրթիռային համալիր՝ Talaash 3, որի ազդեցության տարածքը մինչև 200 կմ է։ Ակնկալվում է, որ այս համալիրը կտրամադրվի զինուժին 2014-ի սեպտեմբերի ավարտին։

2007-ին Իրանը 800 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքել ՌԴ-ից 5 միավոր Ս-300 ԶՀՀ-ների գնման առնչությամբ։ 2010-ին, սակայն, Ռուսաստանը հրաժարվել է պայմանագրից՝ հաշվի առնելով Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները։ Փոխարենը, պատվիրատուն՝ Իրանը, ՌԴ-ից պահանջեց 4 մլրդ ԱՄՆ դոլարի փոխհատուցում։ Մինչ օրս ՌԴ-ի դեմ հայտը Ժնևի միջազգային դատարանի դիտարկման ներքո է։

Նշենք, որ խորհրդային/ռուսաստանյան Ս-300-ը հակաօդային պաշտպանության զենիթահրթռիային համակարգերի ընտանիք է՝ մի շարք տարբերակներով ու արդիականացումներով: Համակարգերը նախատեսված են վարչական, արդյունաբերական, ռազմական կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանության համար: Կարող է խոցել ինչպես բալիստիկ, այնպես էլ աերոդինամիկ թիրախներ տարբեր հեռավորությունների ու բարձրությունների վրա՝ կախված արդիականացումից:

Համակարգերի ՊՄՈւ-2 «Ֆավորիտը» տարբերակները շահագործման են հանձնել 1997-ին։ Համակարգը աերոդինամիկ թիրախները կարող է խոցել մինչև 195 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 40 կմ առավելագույն հեռավորության վրա։

One response to “Իրանը փորձարկել է սեփական արտադրության զենիթահրթիռային համալիրը

  1. Pingback: Իրանը ներկայացրել է սեփական արտադրության նոր զենիթահրթիռային համալիրը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *