Գոլանի բարձունքներում մարտեր են Սիրիայի կառավարական ուժերի ու զինյալների միջև

Գոլանի բարձունքներում մարտեր են ընթանում Սիրիայի կառավարական ուժերի և «ալ Նուսրայի ճակատ» զինյալերի խմբավորման անդամների միջև։ Զինյալներին հաջողվել է իրենց վերահսկողությունը հաստատել ՄԱԿ-ի ազդեցության գոտում տեդակայված Էլ Քունեյթրա քաղաքում։

ՄԱԿ-ի խաղաղապահը՝ Գոլանի բարձունքներում

ՄԱԿ-ի խաղաղապահը՝ Գոլանի բարձունքներում

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Իսրայելի սահմանամերձ շրջաններում լսելի էին պայթյունների ու փոխհրաձգության ձայները։ Ըստ աղբյուրի՝ այսօր՝ սեպտեմյբերի 2-ին, հայտնի է դարձել նաև, որ ՄԱԿ-ի խաղաղապահներին առևանգելու հետ մեկտեղ Սիրիայի զինյալներին հաջողվել է Գոլանի բարձունքներից առգրավել նաև ՄԱԿ-ի խաղաղապահների կողմից գործարկվող զրահատեխնիկա, մասնավորապես՝ MRAP տիպի հակաականային պաշտպանվածությամբ ամենագնացներ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը խստորեն քննադատել է զինյալների արարքը։

Հիշեցնենք, որ «Ալ Նուսրայի ճակատ» զինյալների խմբավորման անդամներն օրերս բարձրաձայնել են պահանջները, որոնց կատարման դեպքում միայն պատրաստ են ազատ արձակել Գոլանի բարձունքներում առևանգված ՄԱԿ 45 խաղաղապահների: ՄԱԿ-ի ներկայացուցիչներն իրենց հերթին մեկնել են Սիրիա՝ պատանդներին ազատելու ուղղությամբ բանակցելու նպատակով:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն օգոստոսի 28-ին հայտարարել են՝ որ Սիրիայի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների հատվածում զինյալներն առևանգել են ՄԱԿ-ի 45 խաղաղապահների:

Հավելենք, որ դեռևս 2013-ի մարտին ՄԱԿ-ի խաղաղապահները գերեվարվել էին զինյալների կողմից՝ որոշ ժամանակ անց ազատ արձակվելով: Գոլանի բարձունքներում 2013-ի աշնանն առևանգվել էին ևս 20 զինծառայողի ՄԱԿ-ի ֆիլիպինյան խաղաղապահ ուժերից։ Նրանց 3 օր անց ազատ արձակեցին, իսկ ահա 2013-ի մայիսին ևս 4 ֆիլիպինցու առևանգեցին, որից հետո Մանիլան հայտարարեց, որ դուրս է բերում իր զորքերը Գոլանից։

ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ ուժերը տեղակայված են Իսրայելի և Սիրիայի սահմանագծին 1974 թվականից։ Նրանք հետևում են երկու երկրների միջև հրադադարի ռեժիմին։ 2014-ի հունիսին ՄԱԿ-ը որոշել է իր առաքելությունն այստեղ երկարաձգել մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: 2014-ի հուլիսի 31-ի դրությամբ այս հատվածում կան 1223 խաղաղապահներ Ֆիջիից, Հնդկաստանից, Նեպալից, Իռլանդիայից, Նիդեռլանդներից ու Ֆիլիպիններից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *