Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի օգոստոսին. Ռազմինֆո

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի օգոստոսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 25 զոհի և 17  վիրավորի մասին։

Նկատենք, որ 2014-ի օգոստոսն աչքի էր ընկնում առաջնագծում լարվածության սրմամբ, ադրբեջանական կողմի՝ հետախուզական-դիվերսիոն փորձերի հանկարծակի նախաձեռնմամբ, հայկական սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման համեմատաբար բարձր պարբերականությամբ։

Ուստիև, ադրբեջանական արկածախնդրության պատճառով իրենց զինուժի կորուստների թիվը ևս, համեմատած 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, աճել է ավելի քան 300 տոկոսով։

Նշենք նաև, որ 2014-ի օգոստոսին ադրբեջանական լրատվադաշտը տարասեռ էր կորուստների թվի, դեպքերի վերաբերյալ տեղեկատվության  և դրանց մեկնաբանության տեսանկյունից, այդ պատճառով էլ, համեմատած նախորդ ամիսների, չհաստատված և առանց հավելյալ տվյալների զոհերի ու վիրավորների մասին հրապարակումներն ադրբեջանական կայքերում ավելի մեծ թիվ են կազմում։ Խոսքը վերաբերում է հատկապես առաջնագծում վիրավորված ադրբեջանցի զինծառայողների վերաբերյալ լուրերին, երբ հաճախ ո´չ վայրը, ո´չ անուն-ազգանունը չեն հիշատակվում, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն չի մեկնաբանում լուրը։ Վիրավորների թվի մասին ստույգ տվյալներ կարելի է քաղել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ հոսպիտալ կատարած այցելությունից՝ հաշվի առնելով լուսանկարներում ներկայացված ու հոսպիտալում բուժում անցնող, ապա Թուրքիա տեղափոխված զինծառայողներին։

Ռազմինֆոն մշտադիտարկում կատարելիս զոհերի ցուցակում ընդգրկել է միայն անձնական  տվյալներ, միջադեպի որոշակի մանրամասներ պարունակող հրապարակումները և պաշտոնական հաղորդագրությունները, իսկ վիրավորների պարագայում ներկայացրել ենք թե´ պաշտոնական, թե´ ոչ պաշտոնական հրապարակումներից բխած ընդհանուր թիվ, քանի որ դրանց զգալի մասը հաստատված չեն։

Մարտական կորուստներ

Հետևելով ադրբեջանական բաց աղբյուրներից ստացված տեղեկություններին՝ 25 զոհերից առնվազն 16-ը մարտական են՝ ադրբեջանական կողմի հավաստիացմամբ՝ «հայկական գնդակից», իսկ ըստ ՀՀ ՊՆ ու ՊԲ հաղորդագրությունների՝ տապալված հետախուզադիվերսիոն հարձակումների հետևանքով։

  • Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը ադրբեջանական կողմն ունեցել է հայտարարված 9 մարտական կորուստ , մինչդեռ հայկական կողմի տվյալներով՝ իրականում նրանց կորուստները շատ ավելի են։
  • Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Արցախի հատվածում՝ Մարտակերտի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով տվել է առնվազն 4 զոհ։
  • Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գարազադե Անար Վիվադի օղլուն, որը, ադրբեջանական կողմի վարկածով, վիրավորվել էր առաջնագծում «հայկական հարձակման հետևանքով», ստացած վնասվածքներից մահացել է հոսպիտալում։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ մինչ այդ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններում վիրավորների շարքում այս զինծառայողի անունը բացակայում էր։ Ադրբեջանական լրատվամիջոցներում ևս խոսք չի եղել նրա վիրավորվելու մասին։ Սա մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ադրբեջանական կողմը թաքցրել է հուլիսի 31-ին զինծառայողի վիրավորման դեպքը։
  • Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Սահիլ Յաշար օղլու Թերլանլին մահացել է ստացած հրազենային վնասվածքներից առաջնագծի հատվածում։ Ադրբեջանական կողմը վկայում է՝ զինծառայողի մահվան հանգամանքները դեռ պարզ չեն։ Նույնիսկ չի հաղորդվում՝ արդյոք այս կորուստը մարտական է, թե ոչ։ Արցախի Պաշտպանության բանակի տվյալներով՝ կորուստը մարտական է։
  • Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1995-ին ծնված Ֆաթալիզադե Ռուֆաթ Նազըն օղլուն, ադրբեջանական կողմի վարկածով, սպանվել է առաջնագծում «հայկական գնդակից» օգոստոսի 9-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում:

Ոչ մարտական կորուստներ

2014-ի օգոստոսին հայտարարված 25 կորուստներից Ադրբեջանի ՊՆ-ն ու լրատվադաշտը ոչ մարտական են որակում 9-ը, որից 3-ը՝ հիվանդության, 3-ը՝ զենքի հետ անզգույշ վարմունքի (դեպքերից 2-ը կասկածելի է), 1-ը՝ ավտովթարի, 1-ը՝ դժբախտ պատահարի, 1-ը՝ դանակահարության պատճառով։

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար, փոխգնդապետ Իհթիյար Մամեդովը, համաձայն ադրբեջանական կողմի տվյալների, մահացել է օրերս սրտի անբավարարությունից։
  • Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի մայոր, 1974-ին ծնված Ռաշիդ Նաբի օղլու Մամեդովը մահացել է քաղցկեղից։ Մինչ իր մահը մայորն օգնության խնդրանքով դիմել էր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների։
  • Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1992-ին ծնված Ջավիդ Ջալալ օղլու Մամեդովը, համաձայն ադրբեջանական վարկածի, մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից անզգուշության հետևանքով արձակված կրակից։
  • Ադրբեջանի զինված ուժերի 19-ամյա զինծառայող Մուրադ Մահիր օղլու Սեմեդովը, ադրբեջանական կողմի վարկածով, օգոստոսի 4-ի կեսօրին սպանվել է առաջնագծում՝ «մարտական գործողությունների գոտում»՝ զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով ստացած հրազենային վնասվածքից։
  • Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ծառայություն անցնող Սեյրան Էյնուլլա օղլու Հանիֆաևը, նախնական վարկածի համաձայն, մահացել է սրտի սուր անբավարարության պատճառով:
  • Օգոստոսի 13-ի առավոտյան ժամերին Ադրբեջանի Ափշերոնյան շրջանի Նովխանի ավանում երկու ավտոմեքենաների բախման հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է Ադրբեջանի ներքին զորքերի ենթասպա Նիջադ Բաբազադեն։
  • Օգոստոսի 18-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող, 1996-ին ծնված Ալիաղա Յաշար օղլու Ալիևը խեղդվել է երկրի հյուսիսարևելյան Խաչմազի շրջանում՝ Կասպից ծովում։
  • Ադրբեջանի արդարադատության նախարարության պատժիչ գործողությունների իրականացման ծառայության պաշտպանական գնդի զինծառայող Թահմազլը Ֆարիդ Ասլան օղլուն մահացել է, համաձայն նախնական վարկածի, իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակից։
  • Ադրբեջանի զիված ուժերի զորամասերից մեկի զինծառայող, 28-ամյա ենթասպա Աստանով Էլշան Թազախան օղլուին դանակահարել են, ինչի հետևանքով վերջինս մահացել է։

Վիրավորներ

2014-ի օգոստոսին հայտնի դարձած վիրավորված զինծառայողների 17  միջադեպերից առնվազն 14-ը, ադրբեջանական կողմի տվյալներով, մարտական են, մնացյալ 3-ը՝ ոչ մարտական։ Հայտնի են նշված 17-ից 5-ի անձնական տվյալները։

  • Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունն օգոստոսի 1-ին հաղորդել է հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերն ադրբեջանական զինուժի՝ առաջնագծում ունեցած 4-5 վիրավորների մասին։
  • Ադրբեջանական BizimYol կայքի տվյալներով՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմն առաջնագծում «հայկական գնդակից» ունի 4 վիրավոր, իսկ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հաղորդում է 3 վիրավորի մասին։
  • Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ենթասպա Վալեհ Հոսիևն առաջնագծի հատվածում հրազենային վնասվածք է ստացել «հայկական կողմից արձակված գնդակից»։
  • Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» պարբերականը, Axar.az, Virtualaz.org լրատվակայքերը, հղում տալով իրենց թղթակիցների և տեղի բնակիչների վկայություններին, հաղորդում են՝  օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական զինուժն Աղդամի հատվածում ունեցել է ավելի քան 2  վիրավոր զինծառայող «հայկական գնդակից»։
  • Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 20-ամյա Ֆարհադ Ազադ օղլու Ռահիմովը, ադրբեջանական կողմի վարկածով, թեթև հրազենային վիրավորում է ստացել «հայկական գնդակից» առաջնագծում։
  • Համաձայն ադրբեջանական Axar.az կայքի՝ Տարբեր աստիճանի վնասվաքներ ստացած Ադրբեջանի զինված ուժերի 3 զինծառայողների օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին ուղղաթիռով տեղափոխել են հոսպիտալ։ Նրանք այրվածքներ են ստացել ռազմական մեքենայի պայթյունի պատճառով, պայթյունն էլ գրանցվել է զինծառայողների անփութության հետևանքով։ Նրանց հետագա ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում։
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Թաբրիզ Ալլադին օղլու Մամեդովը, նախնական վարկածի համաձայն, զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել ու վիրավորել է ինքն իրեն։
  • Առաջնագծի Գետաբեկի ուղղության հատվածում օգոստոսի 9-ին «հայկական գնդակից» վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Թաղիև Օրխան Գալիբ օղլուն՝ ծնված 1993-ին։
  • Ադրբեջանի զինված ուժերի ավագ լեյտենանտ Ղուրբան Ալիևը պայթել է ականի վրա հայ-ադրբեջանական սահմանի արցախյան հատվածում:

Հիշեցնենք, որ Ռազմինֆոն ավելի վաղ ներկայացրել էր ադրբեջանական զինուժի կորուստները 2014-ի հուլիսի ընթացքում. հայտարարվել էր 6 զոհի և 15 վիրավորի մասին: Ըստ այդմ, հաշվի առնելով օգոստոսին հայտարարված 25 զոհերն ու 17 վիրավորները՝ կարող ենք արձանագրել, որ 2014-ի հունվարի սկզբից մինչ օրս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգի կառույցներն ընդհանուր առմամբ հաղորդել են 75 զոհի և 108 վիրավորի մասին: Ընդ որում, եթե հետևենք ադրբեջանական կողմի պնդումներին, ապա կստացվի՝ 75 զոհերից 30-ը մարտական կորուստ են։

Նշենք, որ «Դոկտրինա» լրագրողների ռազմական ուսումնասիրությունների ադրբեջանական կենտրոնի, որն ամեն ամիս ներկայացնում է ադրբեջանական զինուժի կորուստների սեփական մշտադիտարկումը, սեպտեմբերի 1-ին հրապարակած տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինուժը տարվա սկզբից մինչ օրս ունի 77 զոհ, 115 վիրավոր: 

Հաշվի առնելով, որ 2014-ի օգոստոսի լարված իրավիճակում Ադրբեջանի ՊՆ-ն կոծկել էր հատկապես առաջնագծում վիրավորված զինծառայողների միջադեպերը, չի բացառվում, որ «Դոկտրինայի» նշած ոչ թե 75, այլ 77 կորուստներից 2-ը հոսպիտալում մահացած զինծառայողներ են կամ էլ միջադեպեր, որ բաց աղբյուրներում չեն հիշատակվել։ Ընդ որում, օգոստոսին մահացածների ցուցակում «Դոկտրինան» ընդգրկել է վերոհիշյալ 3 զինծառայողների, որոնք պայթել էին ականի վրա, սակայն ադրբեջանական լրատվակայքերը հաղորդել էին միայն վերջիններիս վիրավորվելու մասին։

Հայաստանի ԶՈւ կորուստների մասին տեղեկությունը՝ այստեղ

One response to “Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի օգոստոսին. Ռազմինֆո

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *