Հայկական զինուժի կորուստները 2014-ի օգոստոսին. Ռազմինֆո

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի օգոստոսի 1-ից 31-ն ունեցել է 4 զոհ և 7 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 3-ով։

տարբերանշան

տարբերանշան

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:
Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Կորուստներ

2014 թվականի օգոստոս ամսվա 4 կորուստներից 3-ը մարտական են, 1-ը՝ ոչ մարտական։ Մարտական կորուստները գրանցվել են Պաշտպանության բանակում, իսկ ոչ մարտականը՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։

Մարտական կորուստներ

-Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Արցախի հատվածում՝ Մարտակերտի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ։ Հակառակորդի առաջխաղացումը կասեցնելիս զոհվել է ՊԲ զինծառայող, ավագ լեյտենանտ, 1989-ին ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը։ Ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

-Օգոստոսի 3-ին զինվորական հոսպիտալում մահացել է օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի սահմանին ադրբեջանական հարձակումը կասեցնելիս վիրավորված, 1994 թվականին ծնված զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Բարմենի Մովսիսյանը։ Զինծառայողը հետմահու պարգևատրվել է ՀՀ և Աևցախի Արիության մեդալներով։

-Օգոստոսի 4-ին Քարվաճառի շրջանում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է պայմանագրային զինծառայող, 1971 թվականին ծնված Արամ Մկրտչի Գրիգորյանը: Ավագ սերժանտ Արամ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Ոչ մարտական կորուստներ

-Օգոստոսի 28-ին ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի (ծնված 1995թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ) դին: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը, կատարվում է նախաքննություն։

Վիրավորներ

2014 թվականի օգոստոս ամսվա ընթացքում հայկական զինուժն ունի հայտարարված 7 վիրավոր, որոնցից միայն 5-ի անուններն են հայտնի։

-Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը վիրավորվել են 2 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

-Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ակտիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդի գնդակից վիրավորվել է զինծառայող, 1995-ին ծնված Վիկտոր Շուբերտի Աբրաամովը: Զինծառայողին անմիջապես տեղափոխել են զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվել է կայուն ծանր:

-Օգոստոսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս, ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել փոխգնդապետ Լեռնիկ Ռաֆիկի Բաբայանը, կապիտան Վահագն Մանվելի Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Սամվելի Կոթինյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Ջիվանի Բաբայանը: Փոխգնդապետին և լեյտենանտին ոտքերի ամպուտացիա է կատարվել, մյուս երկուսի վնասվածքները գնահատվում են համեմատաբար թեթև։ Դեպքի մանրամասները պարզելու նպատակով տարվում է քննություն։

Այսպիսով՝

Հունվար- 4 զոհ և 1 վիրավոր
Փետրվար ” 1 զոհ
Մարտ- 5 զոհ և 2 վիրավոր
Ապրիլ- 1 զոհ և 1 վիրավոր
Մայիս- 5 զոհ և 5 վիրավոր
Հունիս – 7 զոհ և 1 վիրավոր
Հուլիս -8 զոհ և 2 վիրավոր
Օգոստոս ” 4 զոհ և 7 վիրավոր

2014 թվականի հունվարից օգոստոս ժամանահատվածում հայկական զինուժը կորցրել է 35 զինծառայող։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։

Ադրբեջանի ռազմական կորուստների վերաբերյալ տեղեկությունն՝ այստեղ

One response to “Հայկական զինուժի կորուստները 2014-ի օգոստոսին. Ռազմինֆո

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *