Լիբանանի ԶՈւ զինծառայողների ու զինյալների միջև բախումներ են գրանցվել

Լիբանանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Լիբանանի Համիդ դաշտավայրում՝ Էրսալ քաղաքի մերձակայքում, արյունալի մարտերի արդյունքում լիբանանյան զինուժին հաջողվել է զգալի վնաս հասցնել զինյալներին։

Լիբանանի ԶՈւ զինծառայողներ

Լիբանանի ԶՈւ զինծառայողներ

Ինչպես հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը, բախումների հետևանքով լիբանանյան զինուժի զինծառայողները չեն տուժել։ Միևնույն ժամանակ Բիքաա հովտում լիբանանյան զինծառայողները կասեցրել են 2 զինյալների շարժը, որոնք Սիրիայից էին անցել Լիբանան։ Զինյալները կրակ էին բացել ռազմական հենակետի ուղղությամբ, սկսվել էր փոխհրաձգություն, որի պատճառով 2 զինյալներն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։

Նշենք նաև, որ Վիսան ալ-Հերմելի հովտում՝ ռազմական հենակետին կից, ԶՈւ ստորաբաժանումները հայտնաբերել են ՌՊԳ նռնականետի արկեր տեղափոխող ավտոմեքենա, որը թերևս նախատեսված է եղել զինյալների համար։ Ավտոմեքենայում Լիբանանի երկու քաղաքացիներ էին։

Հավելենք նաև, որ Լիբանանի իշխանությունները հետապնդում են զինյալների  3 խմբավորումների, որոնք կարող են սպառնալիք լինել Լիբանանի իշխանությունների համար։ Նշված խմբավորումներն են «Աբդալ Ազամի բրիգադը», «Իսլամական պետությունը», «ալ Նուսրայի ճակատը»։ Այս երեք խմբավորումներն էլ Բեյրութի՝ շիա մուսուլմաններով բնակեցված թաղամասերում պարբերաբար ահաբեկչություններ են իրականացնում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *