ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը կհամալրվեն Carl Gustav նռնականետերով

ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը շվեդական Saab ընկերության հետ կնքել է Carl Gustav հակատանկային ռեակտիվ նռնականետերի գնման պայմանագիր, որով մտադիր է համալրել հատուկ նշանակության ուժերի հետևակային ստորաբաժանումների սպառազինությունը։ Այս մասին հայտնում է «Jane’s» ռազմական հանդեսը։

Carl Gustav նռնականետը կրակի պահին

Carl Gustav նռնականետը կրակի պահին

Թե քանի միավոր նռնականետի և համապատասխան զինամթերքի մասին է խոսքը, դեռևս հայտնի չէ, սակայն Saab ընկերությունից հայտնել են, որ 5 տարի ժամկետով կնքված պայմանագրի արժեքը շուրջ 14.3 միլիոն ամերիկյան դոլար է։

ԱՄՆ բանակի հրամանատարությունը Carl Gustav նռնականետերի նորագույն «M3» մոդիֆիկացիայի առաջին խմբաքանակը գնել է 2011-ին։ Այն ներառում էր 120 նռնականետ և 3024 նռնակ։ Հետագա կիրառումը հավանաբար արդարացրել է բանակի հրամանատարության ակնկալիքները, ինչն էլ հավանաբար հիմք հանդիսացավ, որ 2014-ի մարտին հայտարարվի՝ Carl Gustav-ը կլինի ԱՄՆ բանակի հետևակային ստորաբաժանումների հակատանկային հիմնական միջոցը։

Շվեդական արտադրության Carl Gustav հակատանկային նռնականետը նախագծվել է 1948-ին։ Դրանից ի վեր ստեղծվել է դրա երեք մոդիֆիկացիա։ Նռնականետն ունի 84 մմ-անոց տրամաչափ, 1 րոպեում կարող է արձակել մինչև 6 նռնակ։ Ռեակտիվ նռնակների կիրառման դեպքում, այն կարող է խոցել թիրախները մինչև 1 000 մետր հեռավորության վրա։ Նռնականետի՝ 1991-ին նախագծված նորագույն «M3» մոդիֆիկացիայի արդիականացված տարբերակն օժտված է լազերային հեռաչափով։

Հավելենք, որ ամերիկյան բանակում ներկայումս առկա է այս նռնականետի շուրջ 1 500 օրինակ։ Միացյալ Նահանգներից բացի, այն կիրառվում է նաև աշխարհի շուրջ 40 երկրների զինված ուժերի սպառազինությունում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *