Չեխիան Բաղդադին և Արբիլին ինքնաթիռներ ու զինամթերք է վաճառում

Չեխիայի կառավարությունն օգոստոսի 27-ին որոշել է թույլատրել 15 միավոր Aero Vodochody L-159 ALCA ուսումնամարտական ինքնաթիռների վաճառքը Իրաքին, որը ներկայում ունի նման ինքնաթիռների սուր պահանջ՝ կապված Իրաքում հաստատված «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար։ Բացի այդ, չեխերը պատրաստվում են մեծ քանակությամբ զինամթերք վաճառել իրաքյան քրդերին։

L-159 թեթև կործանիչ. Չեխիայի ՌՕՈւ

L-159 թեթև կործանիչ. Չեխիայի ՌՕՈւ

Չեխական կողմը վաճառելու է օգտագործված ինքնաթիռներ, որոնք կամ պահեստում են, կամ էլ շահագործվում են չեխական օդուժի կողմից, սակյան ենթակա են դուրս գրելու։ Չեխական կողմը, սակայն, չի տեղեկադրել գործարքի արժեքի մասին, փոխանցում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։ Ի դեպ, Իրաքը փորձում էր այնս ինքնաթիռներից ձեռք բերել դեռ ԻՊ-ի ակտիվացումից առաջ։

L-159 ALCA թեթև կործանիչի անձնակազմը մեկ հոգուց է բաղկացած։ Ինքնաթիռի թռիչքի առավելագույն արագությունը 936 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 13 200 մետր։ Սպառազինությունում կործանիչն ունի 20մմ-անոց երկու հրանոթ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» դասի հրթիռներ, ինչպես նաև լազերով նշանառվող ռումբեր։

Բացի այդ, Չեխիան թույլատրել է Իրաքյան Քրդստանին վաճառել հրաձգային զենքի համար զինամթերք և նռնակներ։ Քրդերին վաճառվելիք զինամթերքի ընդհանուր արժեքը 2 մլն դոլար է։ Մասնավորապես, չեխերը փոխանցելու են 10 մլն 7,62×39 մմ, 8 մլն 7,62×54 մմ փամփուշտ, 5000 նռնակ՝ ՌՊԳ-7-ի համար, ինչպես նաև ձեռքի նռնակներ։

Նշվում է, որ սա Չեխիայի զինված ուժերի պահեստներում ավելցուկ կազմող զինամթերքն է։ Այն Իրաքի հյուսիս է տեղափոխվելու ամերիկյան ռազմական ինքնաթիռների միջոցով։

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումն արդեն շուրջ երկու ամիս է, ինչ ոտքի է հանել միջազգային հանրությունն այն բանից հետո, երբ պարտության մատնելով Իրաքի կառավարական ուժերին՝ կարողացավ գրավել երկրի հյուսիս-արևմտյան հատված, այդ թվում՝ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքը, ինչին հաջոդրեց նաև եզդիների զանգվածային սպանդը։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն իսկ տվել է հրաման՝ օդային հարվածներ հասցնել իսլամիստների հենակետերին։ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ իրենց հերթին քննարկում են ամերիկյան ուժերին Իրաքում օժանդակելու հնարավորությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *