Գոլանի բարձունքներում առևանգել են ՄԱԿ-ի 43 խաղաղապահների

ՄԱԿ-ի ներկայացուցիչներն օգոստոսի 28-ին հայտարարել են, որ Սիրիայի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների հատվածում զինյալներն առևանգել են ՄԱԿ-ի 43 խաղաղապահների:

Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, ներկայումս արվում են համապատասխան քայլեր՝ պատանդներ ազատելու ուղղությամբ: ՄԱԿ-ի մամուլի քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով անհապաղ ազատել խաղաղապահներին:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Գոլանի բարձունքներում են ևս 81 խաղաղապահներ:

Հավելենք, որ դեռևս 2013-ի մարտին  ՄԱԿ-ի խաղաղապահները գերեվարվել էին զինյալների կողմից՝ որոշ ժամանակ անց ազատ արձակվելով: Գոլանի բարձունքներում 2013-ի աշնանն առևանգվել էին ևս 20 զինծառայողի ՄԱԿ-ի ֆիլիպինյան խաղաղապահ ուժերից։ Նրանց 3 օր անց ազատ արձակեցին, իսկ ահա 2013-ի մայիսին ևս 4 ֆիլիպինցու առևանգեցին, որից հետո Մանիլան հայտարարեց, որ դուրս է բերում իր զորքերը Գոլանից։

ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ ուժերը տեղակայված են Իսրայելի և Սիրիայի սահմանագծին 1974 թվականից։ Նրանք հետևում են երկու երկրների միջև հրադադարի ռեժիմին։ 2014-ի հունիսին ՄԱԿ-ը որոշել է իր առաքելությունն այստեղ երկարաձգել մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: 2014-ի հուլիսի 31-ի դրությամբ այս հատվածում կան 1223 խաղաղապահներ Ֆիջիից, Հնդկաստանից, Նեպալից, Իռլանդիայից, Նիդեռլանդներից ու Ֆիլիպիններից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *