Ուկրաինայում ձերբակալված ՌԴ ԶՈւ թվով 10 դեսանտային շարունակում է մնալ կալանքի տակ

Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և ռուս-ուկրաինական հարաբերություններում անցնող օրերին առանցքային թեմաներից մեկը շարունակում է մնալ ՌԴ զինված ուժերի թվով 10 դեսանտայինի ձերբակալությունը Դոնեցկի շրջանում։ Ուկրաինական կողմը հայտնաբերել է նրանց օգոստոսի 24-ին՝ ռուս-ուկրաինական սահմանի 20 կմ խորության վրա, մինչդեռ պաշտոնական Մոսկվան պնդում է, թե դեսանտայինները հարևան երկրի տարածքում հայտնվել են պատահաբար։

Ձերբակաված դեսանտայինները

Ձերբակաված դեսանտայինները

Ուկրաինայում այս միջադեպը շտապել են ներկայացնել որպես ապացույց այն բանի, որ Ռուսաստանն անմիջական մասնակցություն ունի Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող հակամարտության հրահրման գործում։

Թվով 10 դեսանտայինները եղել են զինված, ռուսաստանյան բանակի համազգեստով, սակայն առանց տարբերանշանների: Ուկրաինայի անվտանգության ծառայությունում ցուցմունք տալու ժամանակ ձերբակալվածները նշել են, որ Ռոստովի շրջան իրենց գործուղել են օգոստոսի 23-ին, իսկ հաջորդ օրը դեսանտի մարտական մեքենաների շարասյունով մեկնել են Դոնեցկ՝ հատելով ռուս-ուկրաինական միջպետական սահմանը։

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին, չի հերքել, որ ձերբակալված դեսանտայիններն իսկապես զինված ուժերի պայմանագրային զինծառոյղներ են՝ նշելով, որ նրանք ունեին սահմանի երկայնքով պարեկություն կատարելու առաջադրանք և հավանաբար չեն նկատել, թե ինչպես են հայտնվել սահմանի մյուս կողմում։ Ռուսաստանյան կողմը հիշեցրել է նաև, որ ուկրաիանական ճգնաժամի ողջ ընթացքում բազմիցս եղել են դեպքեր, երբ այդ երկրի զինված ուժերի զինծառայողները միայնակ կամ խմբերով, հաճախ նաև զինված, հատել են սահմանը, սակայն նրանց ցանկության դեպքում չեն խաչընդոտել կրկին վերադառնալ հայրենիք և այս մոտեցումը պետք է կիրառվի նաև դեսանտայինների նկատմամբ։

Ձերբակալված դեսանտայիններին Ռուսաստան վերադարձնելու համար այժմ կենտրոնացված է ադմինիստրատիվ բավական մեծ ռեսուրս։ Ի թիվս ձեռնարկվող քայլերի, ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը պաշտոնական նամակով դիմել է Ուկրաինայի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Վալերիա Լյուտովսկայային՝ խնդրելով միջնորդել ռուսաստանցի զինծառայողներին հայրենիք վերադարձնելու գործում։

Հավելենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը դեսանտայինների նկատմամբ արդեն իսկ հարուցել է քրեական գործ՝ ահաբեկչական խմբավորումներին աջակցելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարավ-արևելքում 2014-ի ապրիլի կեսերից ընթանում է զինված հակամարտություն՝ հիմնականում տեղի ռուսամետ բնակչությունից կազմված զինված խմբավորումների և ուժայինների միջև։ Թեև ռազմական անմիջական ներխուժումից Ռուսաստանը դեռևս զերծ է մնում, սակայն ժամանակ առ ժամանակ հայտնվում են ապացույցներ, որ այդ երկիրը օժանդակում է ապստամբներին մարդկային ուժով և զինամթերքով։

One response to “Ուկրաինայում ձերբակալված ՌԴ ԶՈւ թվով 10 դեսանտային շարունակում է մնալ կալանքի տակ

  1. Pingback: Դոնեցկում ձերբակալված ՌԴ ԶՈւ 10 դեսանտայինները փոխանակվել են Ուկրաինայի 63 զինծառայողի հետ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *