Զաքիր Հասանովը հանդիպել է Ռումինիայի իր պաշտոնակցին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն օգոստոսի 27-ին մեկնել է Ռումինիա՝ իր ռումինացի պաշտոնակից Միրչի Դուշանի հրավերով։

Զաքիր Հասանովն ու Միրչի Դուշանը

Զաքիր Հասանովն ու Միրչի Դուշանը

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Բուխարեստում նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ուսումնական կենտրոնների համագործակցության, համատեղ վարժանքների անցկացման, տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցեր։

Համաձայն աղբյուրի՝ օգոստոսի 27-ին Հասանովը հանդիպել է նաև Ռումինիայի խորհրդարանի երկու պատգամավորների հետ՝ քննարկելով Հարավային Կովկասում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը։ Այսօր՝ օգոստոսի 28-ին, ծրագրված է, որ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպելու է Ռումինիայի էկոնոմիկայի նախարարին։ Այցն ավարտվելու է այսօր։

Ադրբեջանն ու Ռումինիան առավել սերտորեն համագործակցում են 2004-ից ի վեր, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելեց Բուխարեստ։ Այցի ընթացքում երկրների միջև կնքվեցին ավելի քան 11 համաձայնագրեր՝ քաղաքական, կրթական ու տնտեսական ուղղվածության։

Ավելի վաղ՝ 2000-ին, երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են փոխգործակցության համաձայնագիր։

2012-ի փետրվարին Ադրբեջան էր ժամանել Ռումինիայի նախագահի խորհրդականը՝ Ադրբեջանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ հանդիպմանը՝ հույս հայտնելով ավելի սերտ համագործակցության մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *