Թուրքիայի զինված ուժերը տեղական ատրճանակներ են գնում

Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարությունը պայմանագիր է կնքել թուրքական «Սարսըլմազ» ընկերության հետ, որով նախատեսում է բանակի կարիքների համար գնել ընկերության արտադրած Kılınç 2000 Mega (Քըլընչ 2000 Մեգա) ատրճանակը։

Քըլընչ 2000 Մեգա. Թուրքիայի ԶՈւ

Քըլընչ 2000 Մեգա. Թուրքիայի ԶՈւ

9 մմ ատրճանակները մատակարարվելու են Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներին։ Թե երբ է սկսվելու մատակարարումը, և ինչ քանակությամբ ու ինչ արժեքով են գնում թուրքական ատրճանակները, Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության պաշտոնական հաղորդագրությունում չի նշվում։

Հայտնի է, որ ավելի վաղ ևս թուրքական զինուժին նմանատիպ ատրճանակներ են մատակարարվել։

Նշենք, որ Sarsılmaz Kılınç 2000 (Սարսըլմազ Քըլընչ 2000) ատրճանակները, որոնք արտադրում է թուրքական «Սարսըլմազ» ընկերությունը, ստեղծվել են չեխոսլովակյան CZ-75 ատրճանակների հիմքի վրա։ Արտադրությունը սկսվել է 2007 թվականին։ Ունեն մի քանի տարբերակ՝ քաղաքացիական անձանց և ուժային կառույցների համար։

9 մմ Kılınç 2000 Mega ատրճանակները, որոնք նախատեսված են ուժային կառույցների համար, կշռում են 990 գրամ, երկարությունը՝ 205 մմ, պահունակը տեղավորում է 15 փամփուշտ։

Sarsılmaz Kılınç 2000 ատրճանակներն ունեն ՆԱՏՕ-ի հավաստագիր և վաճառվում են նաև Թուրքիայի սահմաններից դուրս։ ԱՄՆ-ում այն վաճառվում է ArmaLite կորպորացիայի կողմից AR-24 անվան տակ։

Ատրճանակի մեկ միավորի արժեքը՝ կախված մոդելից՝ 550-630 ԱՄՆ դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *