Լիբիայում Սու-24 ռմբակոծիչներ են գործարկել իսլամիստների դեմ

Լիբիայի պահեստազորի գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած զինյալների խմբավորումը հանձն է առել օգոստոսի 17-18-ին մայրաքաղաք Տրիպոլիում իսլամիստների հենակետերին ավիացիոն հարվածներ հասցնելու պատասխանատվությունը։

Բինինա քաղաքի ավիակայանը

Բինինա քաղաքի ավիակայանը

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, նման հարվածներ են հասցվել նաև օգոստոսի 22-23-ը։ Ենթադրաբար, ավիահարվածների թիրախը Միտիգի ավիակայանում տեղակայված զինամթերքների պահեստն էր։ Այն Միսուրաթի իսլամիստների վերահսկողության ներքո է։ Ներկա դրությամբ իսլամիստները մարտնչում են Հաֆթարի համախոհների ՝ ալ-Զինթանա զինյալների խմբավորման դեմ։
Ինչպես լրագրողներին հայտնել է Հաֆթարի խմբավորման ներկայացուցիչ Մուհամեդ ալ-Հիյազին, առավոտյան ժամերին Լիբիայի ռազմաօդային ուժերի օդաչուները Սու-24 ռմբակոծիչներով կետային հարվածներ են հասցրել իսլամիստների պատսպարաններին։

Նշենք, որ Բենղազիի մերձակայքում տեղակայված Բինինա քաղաքի՝ լիբիական ՌՕՈւ կայանում շահագործման ենթակա ՄիԳ-23 և ՄիԳ-21 կործանիչներ կան։ Բացի այդ, Լիբիայի ՌՕՈւ-ն ունի Սու-24 ռմբակոծիչներ, որոնք սակայն օդում չեն երևացել 2011-ից։ Ավելին, Լիբիայի ՌՕՈւ որոշ սպաներ խոստովանել են՝ իրենք առանձնապես չունեն կործանիչներով կամ ռմբակոծիչներով թռիչքի հմտություններ։

Ուշագրավ է, որ Լիբիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնից հեռացված Սաքր Ջարուշի խոսքերով՝ իրականում իսլամիստների հենակետերին ավիահարվածներ են հասցրել «եվրոպական երկրներից մեկի օգնությամբ»։ Նա հավելել է, որ Սու-24-երը ևս չեն պատկանել Լիբիային, դրանք տրամադրել է արտասահմանյան երկրներից մեկը։
Նկատենք, որ Ալժիրն ու Սուդանը տարածաշրջանում միակ երկրներն են, որոնք այս պահի դրությամբ Սու-24 ինքնաթիռներ են շահագործում։ Ալժիրի պաշտոնական աղբյուրներն այս ընթացքում բազմիցս հերքել էին, որ ալժիրյան զինված ուժերը մասնակցում են Լիբիայում ու Թունիսում իսլամիստների դեմ պայքարում, քանի որ Ալժիրում օրենք է գործում, որն արգելում է մասնակցել արտերկրում զինված բախումներին։ Այդուհանդերձ, օգոստոսի 6-ին ալժիրյան Al Fajr կայքը գրել էր՝ ալժիրյան զինվորականները Լիբիայի հետ սահմանին մարտական պատրաստվածության են բերել իրենց Ս-125 ՀՕՊ համակարգերը՝ իսլամիստների կողմից հավանական հարձակումները հակադարձելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *