Հարավային Սուդանում կործանվել է ռուսաստանյան ընկերության Մի-8 ուղղաթիռ

Ռուսաստանյան UTair ավիաընկերության Մի-8 բեռնատար ուղղաթիռը, որը ՄԱԿ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում մարդասիրական բեռ էր փոխադրում Հարավային Սուդան՝ կործանվել է երկրի Բենթիու քաղաքի մերձակայքում։ Անձնակազմի 4 ուղևորներից 3-ը, որոնք, ի դեպ, ՌԴ քաղաքացիներ էին, զոհվել են։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

ՄԱԿ-ի Մի-8ՄՏՎ-1 ուղղաթիռներ

ՄԱԿ-ի Մի-8ՄՏՎ-1 ուղղաթիռներ

Ուղղաթիռի կործանման պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն գործակալությունը հղում անելով ՄԱԿ-ում իր աղբյուրներին նշում է, որ այն ամենայն հավանականությամբ խոցել են Հարավային Սուդանի այսպես կոչված ազգային-ազատագրական բանակի մարտիկները։

Իրենց հերթին, ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ պահպանում են կապը ռուսաստանյան կողմի հետ և հետաքննության ընթացքում պարզ դարձած ցանկացած նորության մասին անհապաղ կիրազեկեն։ UTair ընկերությունն ուղղաթիռային խոշորագույն ավիապարկ ունեցող ընկերություններից մեկն է Ռուսաստանում։ ՄԱԿ-ի հետ պայամնագրի շրջանակներում ընկերության օդաչուները թռիչքներ են կատարում աշխարհի տարբեր երկրներ դեռևս 1990-ականներից։

Հիշեցնենք, որ նմանատիպ միջադեպ գրանցվել էր նաև 2012-ի դեկտեմբերին, երբ ռուսաստանյան մասնավոր ընկերություններից մեկին պատկանող Մի-8 ուղղաթիռը կրկին ՄԱԿ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում ուղևորվել էր Հարավային Սուդան, որտեղ այն խոցվել էր։ Անձնակազմի բոլոր 4 անդամները զոհվել էին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *