Մի-28ՆԷ ուղղաթիռներն արդեն պատրաստ են Իրաք ուղևորվելու

Ռուսաստանյան «Ռուսվերտոլ» ընկերության ավիակայանում, որը Դոնի Ռոստովում է, լուսանկարել են Իրաք ուղևորվելուն պատրաստ 3 միավոր Մի-28ՆԷ մարտական ուղղաթիռներ, որոնք տարբերակիչ նշաններ չեն կրում, լուսանկարներում կողային համարները չեն երևում։

Մի-28ՆԷ

Մի-28ՆԷ

Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ռազմական BMPD բլոգը։ Ըստ աղբյուրի՝ դեռևս «Ռոսվերտոլի» 2013-ի տարեկան հաշվետվությունում նշված էր՝ արտասահմանյան պատվիրատուներից մեկին տրամադրվելու են 28 միավոր Մի-35Մ և 15 միավոր Մի-28ՆԷ ուղղաթիռներ, իսկ Իրաքը Մի-28-երի առաջին արտասահմանյան պատվիրատուն է։

Հիշեցնենք, որ համաձայն 2012-2013-ին կնքված պայմանագրերի՝ առաջին 4 միավոր Մի-35Մ-ն Իրաքը ստացավ 2013-ի նոյեմբերին։ Ընդ որում, 2014-ի ամռան սկզբին արդեն Իրաքի կառավարությունը կիրառեց այս 4 ուղղաթիռներն իսլամիստների դեմ պայքարում։ Դրանցից առնվազն մեկ միավորը ոչնչացվել է։

Հավելենք, որ 2014-ի հուլիսի 1-ին ՌԴ Դոնի Ռոստովի շրջանում կայացած «Ռոսվերտոլ» գործարանի 75-ամյակին նվիրված ավիացուցադրության ժամանակ առաջին անգամ նկատվել են 2 միավոր Մի-28ՆԷ մարտական ուղղաթիռները, որոնք նախատեսված են Իրաքի համար։

Մի-28ՆԷ ուղղաթիռների վաճառքն իրաքյան կողմին մաս է կազմում 2012 թվականին Մոսկվայի և Բաղդադի միջև կնքված պայմանագրի, որով նախատեսվում է 4.3 մլրդ ամերիկյան դոլարի սպառազինություն գնել Ռուսաստանից:

Մի-28ՆԷ-ն Մի-28Ն (Նոչնոյ Օխոտնիկ) ուղղաթիռի արտահանման տարբերակն է:  Մի-28Ն ուղղաթիռն առաջին թռիչքը կատարել է 1996 թվականին:

Ուղղաթիռի անձնակազմը 2 հոգի է։ Թռիչքային զանգվածը 10,9 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 12,1 տոննա։ Ուղղաթիռի առավելագույն արագությունը 300 կմ/ժ է, թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 450 կմ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 3600մ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *