Վերջին լարվածությունն առաջնագծում արտառոց չէր, ընդամենը մի դրվագ էր. Մովսես Հակոբյան

2014-ի հուլիսի 31-ից մինչև օգոստոսի կեսերն առաջնագծում լարված վիճակ էր։ Ադրբեջանական կողմը պարբերաբար դիվերսիոն գործողություններ էր կազմակերպում, գնդակոծում էր հայկական սահմանամերձ գյուղերը։ Հայկական զինուժին հաջողվել է հետ մղել ադրբեջանական կողմի հարձակումները՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ։ Նույն ժամանակահատվածում, բացի առաջնագծի լարվածությունից, տեղեկատվական հարթակում ևս պայքար էր ընթանում։ 2014-ի օգոստոսի 22-24-ը Ռազմինֆոն, հյուրընկալվելով Արցախում, առիթ ունեցավ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանից տեղեկանալ՝ արդյոք ՊԲ-ն գոհ է առաջնագծի դեպքերի՝ հայկական լրատվադաշտում լուսաբանումից և որքանով է արդյունավետ գնահատում հայկական լրատվադաշտի աշխատանքը, մեդիա ոլորտի և ՊԲ-ի համագործակցությունը վերոհիշյալ ժամանակահատվածում։

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

«Պաշտպանության բանակում, ինչպես գիտենք, կա մամուլի ծառայության կա, որն ակտիվ էր վերջին դեպքերի հետ կապված։ Մեր՝ այդ ժամանակահատվածի հաղորդագրությունները մասամբ ուղղված էին նաև հակառակորդին։ Վերջինս փորձում էր իր տեղեկատվական քայլերով խուճապ ստեղծել, ուստի մենք տեղեկատվական  դաշտում ևս անհրաժեշտ և արագ պատասխան ենք տվել։ Եթե նկատել եք, մեր ՊԲ մամուլի ծառայությունը մատուցած տեղեկությունները չէր ուռճացնում ու ավելորդ քարոզչական տարրեր ընդգրկում, իրականությունը փորձում էինք հնարավորինս հստակ ներկայացնել՝ նաև որոշակի ազդակներ ուղարկելով Ադրբեջանի հասարակությանը։ Ուշադրությու´ն դարձրեք, թե իմ հայտարարությունը վերջին լարված իրավիճակում երբ եղավ. ո´չ առաջին, ո´չ էլ երկրորդ օրը, այլ այն ժամանակ, երբ մենք գնահատեցինք իրավիճակը, ու եթե հասկանայինք, որ Ադրբեջանի հայտարարությունները և գործողությունները չեն ազդում մեր հասարակության վրա, շատ հավանական էր՝ իմ ելույթը չկայանար։ Մեր լրատվամիջոցների աշխատանքն աննախադեպ էր, համախմբվածությունը՝ դրական։ Սակայն հաճախ գովել ևս պետք չէ, նախընտրելի է համաչափ լուսաբանում։

Վերջին լարվածության հետ կապված դեպքերը պետք չէ ներկայացնել լրատվամիջոցներում որպես արտառոց մի բան, դա մի փոքր դրվագ է միայն։ Շատ ցանկալի է օրինակ Ջաբրայիլի ու Ֆիզուլիի ազատագրման և համանման թեմաների շուրջ գրել, որպեսզի մարդիկ չմոռանան։ Սահմանների պաշտպանությունը հերոսություն չէ, դա մեր պարտականությունն է, դրա համար մենք երդում ենք տվել, մեզ պաշտոն են տվել, դրա համար մեզ վարձատրում են, չնայած որ զինվորի համար կարևորն իր զինվորական պարտքի կատարումն է։ Մեր նպատակն է լավագույններին խրախուսել, թերությունները նախանշել ու շարունակել մեր աշխատանքը։ Եթե մենք շարունակենք հրապուրվենք այս վերջին օրերի դրվագով, ապա շատ բան կկորցնենք,-ասել է Մովսես Հակոբյանը։

Այցելությունն Արցախ կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *