Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին

Տանկային բիաթլոնը (ՏԲ) զինված ուժերում տանկերով անցկացվող մրցույթ է, որի ժամանակ տանկային անձնակազմերը մրցում են տանկերով երթի, արգելքներ հաղթահարելու, կրակելու, ինչպես նաև ֆիզիկական վարժությունների մեջ։ Սպորտային ազարտի մեջ այստեղ «փաթեթավորված» են անձնակազմի մարտական պատրաստության վարժանքներ։

Պատմությունը

Որպես «ռազմասպորտային» միջոցառում՝ տանկային բիաթլոնի անցկացման գաղափարը վերագրում են անձամբ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին։ Թեև հանուն արդարության պետք է նշել, որ նմանատիպ մրցույթ ժամանակին անցկացրել են ՆԱՏՕ-ի անդամ երկրները Canadian Army Trophy անվանումով։

Առաջին անգամ մրցույթը՝ որպես հենց տանկային բիաթլոն, անցկացվել է 2013-ին, երբ Ռուսաստանի տանկիստները փորձնական մրցում էին իրենց տանկերով ու պարզում Ռուսաստանի լավագույն տանկային անձնակազմին։ Իր լավագույն տակիստներին ընտրելուց հետո Ռուսաստանը մի քանի երկրների հրավիրեց նույն պայմաններով մրցույթի՝ Տանկային բիաթլոն-2013-ին։ Ռուսաստանի տանկիստների հետ օգոստոսին մրցեցին Բելառուսի, Ղազախստանի ու Հայաստանի տանկիստները։

Այլ երկրների մասնակցությամբ առաջին մրցույթից հետո կազմակերպիչները որոշեցին տանկային բիաթլոնը դարձնել ամենամյա ու միջազգային, ինչի համար 2014-ի տանկային բիաթլոնին հրավիրեցին 41 երկրների մասնակիցների՝ այդ թվում նաև ՆԱՏՕ-ից։ Սակայն 2014-ին մրցույթին մասնակցեցին 12 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում նաև Հայաստանը։ Ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ նատօյական երկրները հրաժարվեցին մասնակցել մրցմանը։

2014-ի մրցույթի ավարտից հետո կազմակերպիչները հայտարարեցին, որ տանկային բիաթլոն միջազգային մրցույթը հետագայում կարող է անցկացվել նաև այլ երկրներում։

2013-ին Ռուսաստանում անցկացված միջազգային տանկային բիաթլոնի մասնակից տանկերը. կանաչ տանկով մրցել է Հայաստանի տանկային անձնակազմը

2013-ին Ռուսաստանում անցկացված միջազգային տանկային բիաթլոնի մասնակից տանկերը. կանաչ տանկով մրցել է Հայաստանի տանկային անձնակազմը

Նատօյական տանկային մրցույթի գլխավոր մրցանակը՝ Centurion տանկի արծաթե մանրակերտը՝ Canadian Army Trophy-ն

Նատօյական տանկային մրցույթի գլխավոր մրցանակը՝ Centurion տանկի արծաթե մանրակերտը՝ Canadian Army Trophy-ն

Canadian Army Trophy

Canadian Army Trophy մրցույթը՝ նատօյական «տանկային բիաթլոնը», առաջին անգամ անցկացվել է 1963-ին Արևմտյան Գերմանիայում։ Այն ժամանակ Արևմտյան Գերմանիայում տեղակայված էին նատօյական մի շարք երկրների զինված ուժերի ստորաբաժանումներ։ Հենց այդ երկրների տանկիստներն էլ 1963-ին առաջին անգամ մրցեցին իրենց տանկերի թնդանոթոներով կրակելու դիպուկության մեջ։

Մրցույթը, որին մասնակցում էին Բելգիայի, Արևմտյան Գերմանիայի, Նիդերլանդների, Կանադայի ու Մեծ Բրիտանիայի տանկիստները, ստացավ Canadian Army Trophy անվանումը, քանի որ մրցույթն անցկացվում էր կանադական բրիգադի տարածքում, իսկ հաղթող երկիրը ստացավ Կանադայի կառավարության տրամադրած մրցանակը՝ կանադական Centurion (Ցենտուրիոն) տանկի արծաթե մանրակերտը, որն էլ հենց ռազմավարն էր՝ մրցանակը՝ Canadian Army Trophy-ն։

Հետագայում մրցույթը դարձավ ամենամյա, հետո այն անցկացնում էին երկու տարին մեկ անգամ, միացան նաև ԱՄՆ-ի տանկիստները, տանկիստները սկսեցին մրցել ոչ միայն դիպուկ կրակելու, այլև արագ երթի մեջ՝ մոտեցնելով մրցման պայմանները մարտականին։ Մրցույթը վերջին անգամ անցկացվեց 1991-ին՝ Արևմտյան ու Արևելյան Գերմանիաների միավորումից մեկ տարի անց։

Հետագայում՝ 1997-ից 2003 թվականներին, մրցույթը անցկացվում էր ԱՄՆ-ի ու Կանադայի տանկիստների միջև, այն ստացել էր CANAM Cup անվանումը։

Նպատակը

Տանկային բիաթլոնի՝ որպես զրահատանկային զորքերի մասնակցությամբ ռազմամարզական մրցույթի նպատակը մասնակից երկրների տանկային անձնակազմերի մարզումն է ու մարտական պատրաստության մակարդակի բարձրացումը։ Ընդ որում՝ անշուշտ, կարևոր է հենց մրցույթի ժամանակ կատարվող վարժանքը, սակայն պակաս կարևոր չեն նաև մրցույթից առաջ տարվող պատրաստությունները, որովհետև յուրաքանչյուր երկիր, ցանկանալով հաջող հանդես գալ միջազգային մրցույթում, մարզում ու պատրաստում է իր տանկիստներին։ Միջազգային մրցույթում հաղթանակ տանելը մեծ խթան է հենց տանկային անձնակազմերի համար, որոնք իրենք էլ ջանք ու եռանդ են ներդնում վարժանքների մեջ։ Մասնավորապես 2014-ի միջազգային տանկային բիաթլոնի մրցումներից առաջ նմանատիպ մրցումներ երկրների զինված ուժերի մակարդակով եղել են առնվազն Ռուսաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում ու Հայաստանում:

Կազմակերպիչը ևս մեկ նպատակ է նշում՝ մասնակից երկրների զինված ուժերի միջև համագործակցության ու բարեկամական կապերի ստեղծումն ու ամրապնդումը։ Սակայն սա էլ դեռ բավական չէ։

Անհրաժեշտ է նշել, որ խորհրդային/ռուսաստանյան արտադրության (երկուսն էլ ընկալվում են որպես ռուսական) տանկերով անցկացվող մրցույթը ներկայանալու հաջող հնարավորություն ու գովազդ է Ռուսաստանի արտադրած տանկերի համար, և պատահական չէ, որ 2014-ին մրցույթի հովանավորը ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերությունն էր՝ ռուսաստանյան Տ-72, Տ-90 տանկեր արտադրողը, որն էլ մրցույթի հաղթող տանկիստներին մեկական ՈւԱԶ Պատրիոտ մեքենա է նվիրել։

Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՏԲ-2014-ը օգտագործեց նաև արտասահմանյան ռազմական գերատեսչություններին ներգրավելու «Օբորոնէկսպո-2014» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, որն անցկացվում էր հենց մրցույթի օրերին՝ օգոստոսի 13-ից 17-ն ու որի ընթացքում սպառազինության ու ռազմական տեխնիկայի ռուսաստանյան արտադրողները ներկայացնում էին իրենց արտադրանքը։

Իսկ մրցույթի անցկացման վայրում՝ Ալաբինո զորավարժարանում, կազմակերպիչները ռուսաստանյան սպառազինության ու ռազմական տեխնիկայի ցուցադրություն էին բացել բիաթլոնին մասնակցող հանդիսականների, պատվիրակությունների համար։

Տ-72 տանկի նորագույն արդիականացումը՝ Տ-72Բ3Մ (Տ-72Բ4) տանկը բիաթլոնի ժամանակ․ լավ երևում է արտադրող ընկերության՝ «Ուրալվագոնզավոդի» ապրանքանիշը

Տ-72 տանկի նորագույն արդիականացումը՝ Տ-72Բ3Մ (Տ-72Բ4) տանկը բիաթլոնի ժամանակ․ լավ երևում է արտադրող ընկերության՝ «Ուրալվագոնզավոդի» ապրանքանիշը

Ռուսաստանյան Տ-72Բ3Մ (Տ-72Բ4)՝ ձախից, ու Տ-90Ա՝ աջից, տանկերը Տանկային բիաթլոն-2014 մրցույթի ընթացքում Ալաբինո զորավարժարանում բացված ցուցահանդեսի ժամանակ

Ռուսաստանյան Տ-72Բ3Մ (Տ-72Բ4)՝ ձախից, ու Տ-90Ա՝ աջից, տանկերը Տանկային բիաթլոն-2014 մրցույթի ընթացքում Ալաբինո զորավարժարանում բացված ցուցահանդեսի ժամանակ

«Вежливые танки» («Քաղաքավարի տանկեր»)․ կազմակերպիչները նորից շրջանառեցին ռուսաստանյան բանակի մասին «քաղաքավարի մարդիկ» արտահայտությունը՝ նոր տարբերակով

«Вежливые танки» («Քաղաքավարի տանկեր»)․ կազմակերպիչները նորից շրջանառեցին ռուսաստանյան բանակի մասին «քաղաքավարի մարդիկ» արտահայտությունը՝ նոր տարբերակով

Բիաթլոնի անցկացման ձեվը, մրցաձեվերը

ՏԲ-2013 մրցույթի ժամանակ նախատեսված էր ընդամենը մեկ մրցաձև, իսկ երկրները ներկայացնում էին ընդամենը մեկ հիմնական անձնակազմ։ Տանկային անձնակազմն իրեն տրված տանկով պիտի երեք անգամ հաղթահարեր մոտ 3կմ-անոց շրջանը, այդ ընթացքում հաղթահարեր խոչընդոտներ ու կրակեր տանկի հաստիքային զենքերով՝ թնդանոթով ու զենիթային գնդացրով։ «Տանկ», «ուղղաթիռ» ու «Ձեռքի հակատանկային նռնականետային(ՁՀՆ) հաշվարկ» թիրախները տեղավորված էին տանկերի կրակակետերից 0,9-ից 2,2կմ հեռավորությունների վրա։

ՏԲ-2014-ի ժամանակ գրեթե ամեն ինչ փոխված էր։ Օլիմպիական բիաթլոն սպորտից վերցրել էին դրա մրցաձևերն ու ներմուծել տանկային բիաթլոնի մեջ։ 2014-ին մրցույթի մասնակից տանկիստները առաջին փուլում մրցում էին 4 մրցաձևերում։

Անհատական մրցույթի ժամանակ տանկերը անցնում էին 3-ական շրջան՝ ընդհանուր 7,1 կմ երկարությամբ: Շրջանների ժամանակ տանկերը թնդանոթից կրակումէին «տանկ» թիրախի վրա՝ երեք կրակոց՝ 1800, 1700 ու 1600 մետր հեռավորություններից, զենիթային գնդացրով կրակում էին «ուղղաթիռ» թիրախի վրա՝ 900 մետր հեռավորությունից, իսկ թնդանոթին կից գնդացրով կրակում էին «ՁՀՆ հաշվարկի» վրա:

Տանկերն իրենց շրջանները կատարում էին արգելագոտիներով, որոնց մեջ կային արագընթաց ճանապարհներ, ծանծաղուտ, կամրջակ, էսկարպներ (մեծ թեքություններ), հակատանկային խրամ ու այլ խոչընդոտներ: Յուրաքանչյուր արգելքի ոչ արդյունավետ հաղթահարման համար տանկային անձնակազմի ցուցադրած ժամանակին ավելացվում էին հավելյալ վայրկյաններ:

Սպրինտ մրցույթի ժամանակ տանկային անձնակազմերը հաղթահարում էին նույն խոչընդոտները ու կրակում նույն պայմաններով, միայն թե 3 շրջանի փոխարեն անցնում էին մեկ շրջան՝ 3 կմ երկարությամբ:

Հետապնդման մրցույթի դեպքում նույնպես խոչընդոտներն ու կրակոցները նույնն էին, սակայն հաղթահարվող երկարությունը 4 կիլոմետր էր:

Սպորտային մրցույթի ժամանակ տանկային անձնակազմերի 3 զինծառայողներ մրցում էին պառկած ձգումների, 100 մետր վազքի, փորի ձգումների ու այլ վարժություններում:

Այս 4 մրցաձևերում հավաքած միավորներով 4 լավագույն հավաքականները անցնում էին եզրափակիչ, որտեղ մրցում էին էստաֆետային մրցաձևում։ Էստաֆետային մրցումների ժամանակ էլ ամեն երկրի երեք անձնակազմեր մրցում էին նույն տանկով՝ հաջորդաբար փոխարինելով միմյանց: Յուրաքանչյուր անձնակազմ տանկով անցնում էր 4 կմ երթուղի, երթուղու խոչընդոտներն ու կրակոցների պայմանները նույնն էին, ինչպես անհատական մրցման ժամանակ:

Տանկային բիաթլոն-2013

ՏԲ-2013 մրցույթը սկսեցին այն բանից, որ Ռուսաստանի զինված ուժերի չորս ռազմական օկրուգների տանկիստները մրցեցին միմյանց հետ ու պարզեցին լավագույն ռուսաստանցի տանկիստներին։ Դրանից հետո Ռուսաստանը մի քանի երկրների հրավերներ ուղարկեց, որ իրենց լավագույն տանկիստներին ներկայացնեն ու մրցեն միմյանց հետ։

Ռուսաստանի առաջարկին հավանություն տվեցին Ղազախստանում, Բելառուսում ու Հայաստանում։ Այսպիսով, ՏԲ-2013 մրցույթին մասնակցում էին չորս երկրների լավագույն տանկիստները։

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

Տանկային անձնակազմերը մրցում էին ՌԴ ԶՈւ-ի տրամադրած Տ-72Բ տանկերով, քանի որ այդ տանկերից առկա էին բոլոր չորս երկրների սպառազինության մեջ, ու անձնակազմերը ծանոթ էին դրանց։ Մրցույթն անցկացվում էր Ռուսաստանում՝ Մոսկվայի մոտ՝ Ալաբինո զորավարժարանում։

Բիաթլոնը ուներ մեկ փուլ, ամեն երկրից ներկայացված էին երկուական անձնակազմեր՝ հիմնական ու պահեստային։ Տանկիստներն իրենց տանկով պիտի երեք անգամ անցնեին մոտ 3կմ-անոց երթուղին՝ ընթացքում կրակելով տանկի թնդանոթով ու զենիթային գնդացրով, հաղթահարեին արգելքները ու արագ երթով հասնեին վերջնագծին։ Կրակը վարում էին 900-ից մինչև 2200 մետր հեռավորություններից, ընդ որում թնդանոթով կրակում էին նաև տանկի ընթացքի ժամանակ՝ թնդանոթը դեպի կողք թեքած։ Սա, ըստ էության, ամենադժվար հնարքներից մեկն էր։ Վրիպելու դեպքում տանկիսները պիտի անցնեին 500 մետր երկարությամբ հավելյալ տուգանային շրջան, որի պատճառով հետ կընկնեին մրցակիցներից։

Տանկերը լրիվ սպառազինված էին ու ներկված տարբեր գույների, որպեսզի դիտողները կարողանային տարբերել դրանք։ Բոլոր թիմերի համար մեկնարկը տրվում էր միևնույն ժամանակ։

Տանկային բիաթլոն-2013 մրցույթի երթային վարժությունների, արգելքների հաղթահարման ու դիպուկ կրակի արդյունքներով կազմակերպիչ Ռուսաստանի տանկիստները գրավեցին 1-ին տեղը։ Երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Ղազախստանի ու Բելառուսի տանկիստները, իսկ Հայաստանն ընկավ վերջին տեղը։

Տանկային բիաթլոն-2014

2013-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Հայաստանի միջև անցկացված տանկային բիաթլոնից հետո կազմակերպիչ ռուսաստանյան կողմը հայտարարեց, որ նախատեսում է մրցույթը դարձնել ամենամյա ու միջազգային, հրավիրելով այլ երկրների։

ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի պաշտպանության նախարարը անձամբ համաձայնություն ստացավ Նահանգների պաշտպանության նախարար Չակ Հեյգելից։ Ռուսաստանի ՊՆ-ն հրավերներ էր ուղարկել Գերմանիային ու Իտալիային։

Հետագայում հայտնի դարձավ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Տանկային բիաթլոն-2014 մրցույթին մասնակցելու հրավեր է ուղարկել 41 երկրի։ Սկզբնական շրջանում նշվում էր, որ իրենց համաձայնությունը տվել են ավելի քան 20 երկրներ, ընդ որում՝ երկրների մի մասը համաձայնել էր մրցել սեփական տանկերով։ Սա նշանակում էր, որ բիաթլոնին խորհրդային/ռուսաստանյան տանկերի հետ կարող էին մրցել նատօյական, չինական տանկեր, քանի որ սեփական տանկերով հանդես գալուն համաձայնել էին նաև Միացյալ Նահանգներն ու Չինաստանը։ Սա մեծ ոգևորություն էր առաջացրել հետաքրքրվողների շրջանում։

Հետագայում, սակայն, մասնակից երկրները գնալով պակասեցին։ Մասնավորապես նատօյական երկրների բացարկները կապված էին ուկրաինական ճգնաժամի հետ․ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն միմյանց մեղադրում էին Ուկրաինայում իրավիճակը սրելու մեջ։

Արդյունքը եղավ այն, որ ՏԲ-2014 մրցույթին մասնակցում էին տանկիստներ 12 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Անգոլայից, Վենեսուելայից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Քուվեյթից, Սերբիայից ու Չինաստանից։ Երկրներից յուրաքանչյուրը ներկայացրել էր չորսական տանկային անձնակազմ, որոնցից երեքը՝ հիմնական, մեկը՝ պահեստային։

Բոլոր երկրները մրցույթին մասնակցում էին Ռուսաստանի պաշտպանության նախարարության տրամադրած Տ-72Բ տանկով, և միայն Չինաստանն էր, որ մրցույթին մասնակցելու համար իր անձնակազմի հետ ուղարկել էր նաև 4 միավոր սեփական Type-96 հիմնական մարտական տանկեր։ Դրանք իրենց մարտավարատեխնիկական տվյալներով համարյա հավասար էին Տ-72 տանկին, միայն թե չինական տանկը 5կմ/ժ-ով ավելի արագ էր։

Չինաստանի «Type 96» տանկն Ալաբինո զորավարժարանում

Չինաստանի «Type 96» տանկն Ալաբինո զորավարժարանում

Հայաստանցի տանկիստների տանկը օդի մեջ․ Տանկային բիաթլոն-2014

Հայաստանցի տանկիստների տանկը օդի մեջ․ Տանկային բիաթլոն-2014

Ռուսաստանն իր հերթին մասնակցում էր Տ-72 տանկի նորագույն արդիականացմամբ՝ Տ-72Բ3Մ (անվանվում է նաև Տ-72Բ4) տանկով, որը պատրաստել էին հենց տանկային բիաթլոնից առաջ ու որի վրա այլ տարբերություններից բացի, տեղադրված էր նաև 290 ձիաուժով ավելի հզոր շարժիչ, քան Տ-72Բ տանկերի վրա։

Ինչպես և ՏԲ-2013 մրցույթի ժամանակ, 2014-ին ևս տանկերը սպառազինված ու համալրված էին ամբողջությամբ, սակայն 2013-ի համեմատ տանկերը ավելի «կամուֆլյաժային» ձևով էին ներկված։

Տանկային բիաթլոն-2014 մրցույթն անցկացվում էր առաջին ու եզրափակիչ փուլերով։ Առաջին փուլի ժամանակ 12 երկրների առաջին, երկրորդ ու երրորդ անձնակազմերը մրցում էին մյուս երկրների համապատասխան անձնակազմերի հետ։ Փուլի ընթացքում 4 մրցաձև էր նախատեսված՝ անհատական, սպրինտ (մրցում՝ կարճ տարածությունների վրա), հետապնդման մրցում (ամեն թիմի համար մեկնարկը տրվում է առանձին, նախորդ մեկնարկից որոշակի ժամանակ անց) ու մարզական (անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության ստուգատես)։ Յուրաքանչյուր փուլի համար անձնակազմերին տրվում էին միավորներ, իսկ երկրի բոլոր անձնակազմերի հավաքած միավորներով երկիրը տեղ էր զբաղեցնում հավաքականների մրցաշարային աղյուսակում։

Հավաքականների վաստակած միավորների հանրագումարի արդյունքում էլ առաձին փուլում ամենաշատ միավորները հավաքած 4 երկրների տանկիստները անցան եզրափակիչ փուլ։

Եզրափակիչ փուլում էլ անցկացվեց էստաֆետային մրցավազք, որի ժամանակ տվյալ երկրի բոլոր երեք անձնակազմերը մրցում էին նույն տանկով՝ մեկական շրջան կատարելուց հետո տանկը փոխանցելով հաջորդ անձնակազմին։ Արդեն եզրափակիչ փուլում երկրները պարզեցին ուժեղագույններին:

Առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանը, երկրորդը՝ Հայաստանը, երրորդ ու չորրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Չինաստանի ու Ղազախստանի տանկիստները:

Առաջին քառյակից հետ մնացին ու 5-րդից 12-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Բելառուսի, Հնդկաստանի, Ղրղզստանի, Սերբիայի, Մոնղոլիայի, Վենեսուելայի, Անգոլայի ու Քուվեյթի տանկիստները:

Հայաստանը տանկային բիաթլոնում

Տանկային բիաթլոնի միջազգային մրցույթներին ինչպես 2013-ին, այնպես էլ 2014-ին Հայաստանը ներկայացրել են ժամկետային զինծառայողներ, ի տարբերություն այլ երկրների, որոնց անձնակազմերի մեջ կային փորձառու տանկիստներ։

2013-ին Հայաստանը ներկայացնող միակ հիմնական անձնակազմի մեջ էին հրամանատար, կրտսեր սերժանտ Վարդան Մանուկյանը, մեխանիկ-վարորդ, շարքային Ռոման Ադամյանն ու նշանառու օպերատոր, շարքային Կարեն Մկրտչյանը։ Նրանք մինչ միջազգային մրցույթի մեկնարկը մասնակցել էին Հայաստանում անցկացված ընտրական փուլին ու լավագույնն էին ճանաչվել։

Ցավոք, 2013-ին Հայաստանի տանկիստները չկարողացան ավելի բարձր տեղ գրավել ու բավարարվեցին վերջին՝ 4-րդ տեղով։

2013-ի մրցույթից հետո Հայաստանում սկսեցին լրջորեն պատրաստվել հաջորդ տարվա միջազգային բիաթլոնին, քանի որ ուզում էին ավելի բարձր տեղ գրավել։ Մեր տանկիստները շուրջ մեկ տարվա ընթացքում կարողացան հաջողությամբ մարզվել, վարժվել արգելքների հաղթահարմանը, դիպուկ կրակելուն, ու արդեն ՏԲ-2014 մրցույթին մեկնելու նախօրեին Հայաստանը ներկայացնող առաջին տանկային անձնակազմի մեխանիկ-վարորդ, շարքային Գագիկ Գևորգյանը հայտնեց, որ իրենք գնում են հաղթանակի հետևից․ հաղթելու են, որովհետև շատ են պարապել, շատ են պատրաստվել։

ՏԲ-2014 միջազգային մրցույթի առաջին փուլի արդյունքներով հավաքականների մրցաշարային աղյուսակում առաջին չորս տեղերը գրավեցին ու եզրափակիչ փուլ անցան Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի ու Հայաստանի տանկիստները։

Եզրափակչում Հայաստանը գրավեց երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ կազմակերպիչ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից մրցանակ ստացավ մեկ միավոր Տ-90Ս տանկ։

Նշենք նաև՝ վճռորոշ եզրափակիչ փուլում Հայաստանի տանկային հավաքականին աջակցելու և ոգևորելու նպատակով Մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարան էր մեկնել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։

Ձախից ՝ ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Մերձմոսկովյան Ալաբինոյում

Ձախից ՝ ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Մերձմոսկովյան Ալաբինոյում

Նման բարձր տեղ գրավելու համար Հայաստանը ներկայացնող տանկիստներին շնորհավորեց նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Երևան վերադառնալիս նրանց դիմավորեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ, ժամկետային զինծառայողներ, տանկիստների հարազատներն ու մարդկանց հոծ բազմություն։ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Տ-90Ս տանկը ստանալուց հետո այն Հայաստանի զինված ուժերում օգտագործելու են որպես ուսումնաօժանդակ նյութ։

Հայաստանի թիմի տանկը Տանկային բիաթլոն-2014 մրցույթի եզրափակչի ժամանակ

Հայաստանի թիմի տանկը Տանկային բիաթլոն-2014 մրցույթի եզրափակչի ժամանակ

Տանկային բիաթլոնի Հայաստանի հավաքականը՝ գլխավերևում պահելով Տ-90Ս տանկի վկայագիրը

Տանկային բիաթլոնի Հայաստանի հավաքականը՝ գլխավերևում պահելով Տ-90Ս տանկի վկայագիրը

Տ-90Ս տանկի վկայագիրն ընդունելիս

Տ-90Ս տանկի վկայագիրն ընդունելիս

ՏԲ-2014 մրցույթի ժամանակ Հայաստանը ներկայացնում էին.

  • առաջին անձնակազմ՝ հրամանատար, կրտսեր սերժանտ Յուրա Դարբինյան, մեխանիկ-վարորդ, շարքային Գագիկ Գևորգյան ու նշանառու օպերատոր, շարքային Տիգրան Ղազարյան,
  • երկրորդ անձնակազմ՝ հրամանատար, լեյտենանտ Աշոտ Մալխասյան, մեխանիկ-վարորդ, շարքային Լևոն Խեչիկյան ու նշանառու օպերատոր, շարքային Գագիկ Գրիգորյան,
  • երրորդ անձնակազմ՝ հրամանատար, լեյտենանտ Մովսես Դավթյան, մեխանիկ-վարորդ, շարքային Նարեկ Շառոյան ու նշանառու օպերատոր, շարքային Սանասար Ծառուկյան:

Տանկային բիաթլոնը Հայաստանում

2013-ի նոյեմբերին, երբ Պաշտպանության բանակն Արցախում հարձակողական զորավարժություն էր անցկացնում, Ակնայի մոտ տեղակայված Տիգրանակերտ զորավարժարանում անցկացվեց նաև Հայաստանի առաջին տանկային բիաթլոնը։ Հաղթող ճանաչվելու համար մրցում էին Արցախի տանկային զորամասերից մեկի երեք ստորաբաժանումների թիմերը՝ կարմիր, կապույտ ու ծիրանագույն ներկված տանկերով։

Երկամարտի կանոնների համաձայն՝ տանկերը պիտի կատարեին երկուական երթային շրջան, որոնց ընթացքում պիտի հաղթահարեին մի շարք խոչընդոտներ։ Ամեն շրջան կատարելիս, նախատեսվածի համաձայն, տանկերը մոտենում էին կրակային բնագծին ու կատարում մարտական կրակ։ Առաջին շրջանի ժամանակ տանկերը կրակում էին 125 մմ տրամաչափով թնդանոթից՝ տեղում կանգնած վիճակում։

Երկրորդ շրջանի ժամանակ տանկային անձնակազմերը կրակում էին 12,7 մմ տրամաչափով զենիթային գնդացրով՝ կանգնած վիճակից, այնուհետև տանկերը թնդանոթից կրակում էին երթի ժամանակ։

Երթային շրջանների ավարտին ավելի քան 40 տոննանոց Տ-72 տանկերը առավելագույն արագությամբ մոտենում էին ցատկահարթակներին ու ցուցադրական թռիչքներ կատարում դրանց վրայով։

Երկամարտի հենց սկզբից առաջ անցնելով մրցակիցներից՝ «Կապույտ» տանկի անձնակազմը առաջինը հասավ վերջնագծին ու ճանաչվեց Պաշտպանության բանակի տանկային երկամարտի հաղթող։

Նման մրցույթներ Հայաստանի զինված ուժերում անցկացվեցին նաև հետագայում, երբ Հայաստանի «մարզիկ-տանկիստները» պատրաստվում էին ՏԲ-2014 միջազգային մրցույթին:

Կարմիր, Կապույտ ու Ծիրանագույն տանկերը հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

Կարմիր, Կապույտ ու Ծիրանագույն տանկերը հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

«Թռչող տանկը» հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

«Թռչող տանկը» հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ