Քրդերը գրոհել են թուրքական ժանդարմերիան. կան վիրավորներ

Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում (Արարատ լեռան շրջակայքը) «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները գրոհել են թուրքական ժանդարմերիայի հենակետը։ Օգոստոսի 21-ի երեկոյան իրականացված գրոհի հետևանքով երկու ժանդարմ է վիրավորվել. նրանցից մեկի վիճակը ծանր է։

Նշենք, որ վերջին օրերին Թուրքիայում զգալի սրվել են քրդերի և պետության հարաբերությունները։ Մասնավորապես, քրդերը Դիարբեքիրի Լիջե նահանգում քրդական գերեզմանատներից մեկի հարևանությամբ տեղադրել էին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հայտնի անդամներից մեկի՝ քրդերի կողմից հերոսացվող Մահսում Քորքմազի հուշարձանը, ինչը, սակայն, թուրքական իշխանությունների հավանությանը չէր արժանացել և այն ապամոնտաժելու որոշում էր կայացվել։ Ապամոնտաժման աշխատանքներն ընթացել էին դրա դեմ բողոքող քրդերի և թուրք ուժայինների միջև կատաղի բախումներով, ինչի հետևանքով ցուցարարներից մեկը սպանվել էր, գրանցվել են մեծ թվով վիրավորներ ու ձերբակալվածներ։

Վերջին օրերին թուրք-քրդական սրումը զգալի է նաև Թուրքիայի այլ քրդաբնակ հատվածներում։

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG, KCK անունով։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ սկսել է 1984 թվականին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է 35 հազարից ավել մարդ:

Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվեց կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։

Մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից, ինչպես նաև հրադադար հաստատվեց։ Սեպտեմբերին կազմակերպությունը հայտարարեց, թե դադարեցնում է դուրսբերման գործընթացը, սակայն հրադադարի ռեժիմը շարունակելու է պահպանել։

2 responses to “Քրդերը գրոհել են թուրքական ժանդարմերիան. կան վիրավորներ

  1. Pingback: Քրդերը գրոհել են թուրքական ժանդարմերիան. կան վիրավորներ Ռազմ.info | Armday

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 17-23 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *