Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային անվտանգ ճանապարհի հանձնումը հետաձգվում է մինչև հոկտեմբերի 31-ը

Կառավարության նիստում այսօր՝ օգոստոսի 21-ին, որոշում է կայացվել, որի համաձայն՝ Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի փոխարեն այլընտրանքային ճանապարհի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև հոկտեմբերի 31-ը:

Այդ նպատակով կառավարությունը ֆինանսների վերաբաշխում է կատարել, քանի որ կառուցման ընթացքում ի հայտ են եկել նոր խնդիրներ, որոնք մինչ այդ հաշվի չէին առել: Դրա համար կառավարության ղեկավարը քննադատել է տրանսպորտի ու կապի նախարարությանը, որը նախապես չի հաշվարկել աշխատանքի ամբողջական ու ճշգրիտ ծավալը, ինչի հետևանքով ներկայում պետք է նոր ֆինանսներ՝ մոտ 55 մլն դրամ, ուղղել պայթեցման ու այլ աշխատանքների կատարմանը:

Հիշեցնենք, որ 3,2 կիլոմետր երկարությամբ նոր ճանապարհի կառուցումը անհրաժեշտ էր դարձել այն բանից հետո, երբ 2013-ի հոկտեմբերի 22-ին ադրբեջանական դիրքերից կրակել էին Վազաշեն-Պառավաքար քաղաքացիական ճանապարհի վրա: Հրաձգության պատճառով Հայաստանի զինված ուժերի 1 զինծառայող զոհվել էր, 3 հոգի՝ վիրավորվել։ Միջադեպից հետո ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար ու Պառավաքար-Բերդ հատվածները փակվել էին՝ անվտանգության աշխատանքներ կատարելու համար:

Բերդ-Իջևան ավտոճանապարհ, հայկական ու ադրբեջանական դիրքեր, աղբյուր՝ Google Maps, մշակումը՝ Razm.info-ի

Բերդ-Իջևան ավտոճանապարհ, հայկական ու ադրբեջանական դիրքեր, աղբյուր՝ Google Maps, մշակումը՝ Razm.info-ի

Հետագայում կառավարությունը որոշեց ադրբեջանական դիրքերի նշանառության տակ գտնվող ճանապարհահատվածի փոխարեն կառուցել դիտարկվող հատվածը շրջանցող, անվտանգ ճանապարհ, որի համար 2014-ի փետրվարի 6-ին կառավարության նիստում որոշվեց հատկացնել ավելի քան 535 մլն ՀՀ դրամ։ Նիստի ժամանակ տրանսպորտի ու կապի նախարարը հայտնել էր, որ ճանապարհը կարող են շահագործման հանձնել մինչև ամառ:

Ապրիլի 6-ին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Տավուշի մարզ, որտեղ ծանոթացել էր նաև Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: Նախագահին այն ժամանակ զեկուցեցին, որ այդ պահի դրությամբ կատարվել են հողային, ջրահեռացման համակարգի, պաշտպանիչ հենապատի կառուցման աշխատանքներ: Ապրիլի կեսից, անհրաժեշտության դեպքում, անավարտ ճանապարհով հնարավոր կլինի ապահովել սահմանափակ երթևեկություն: Ճանապարհի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում էր ավարտել մինչև հունիսի 30-ը:

Նույն բանի մասին հայտնել էր Տավուշի մարզպետը մայիսի սկզբին լրագրողների՝ Տավուշ այցելելության ժամանակ: Մարզպետը հավաստիացրել էր, որ մեքենաների անվտանգ երթևեկությունը հնարավոր կլինի կազմակերպել արդեն հուլիս ամսից սկսած:

Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ավտոճանապարհը

Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ավտոճանապարհը

Հետագայում՝ հուլիսի սկզբին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել էր Տավուշ, որտեղ նույնպես ծանոթացել էր ճանապարհի կառուցման աշխատանքներին: Այստեղ վարչապետին զեկուցել էին, որ ճանապարհի կառուցումը դանդաղել է եղանակային խնդիրների՝ անձրևների, ինչպես նաև հակառակորդի կրակելու պատճառով: Թեև հայտարարվել էր, որ կառուցման հողային աշխատանքների մոտ 90 տոկոսն ավարտված է, սակայն աշխատանքների ավարտը կհետաձգվի մինչև 2014-ի օգոստոս:

Ներկայում էլ, փաստորեն, ֆինանսական հաշվարկների ոչ ճշգրիտ լինելու պատճառով անհրաժեշտ է եղել ֆինանսավորման ավելացում, իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014-ի հոկտեմբերի վերջում:

Ավելացնենք, որ ներկայում շահագործվող, ադրբեջանական դիրքերից դիտարկվող ճանապարհի համար որպես այլընտրանք կառուցվող նոր անվտանգ ճանապարհի երկարությունը 3,2 կմ է: Այս ճանապարհի մի հատված նույնպես դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, ինչից խուսափելու համար էլ ճանապարհի վտանգավոր մասում կառուցվելու է 250 մետր երկարությամբ պատ, որը փակելու է ադրբեջանական դիպուկահարների տեսադաշտը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *