Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը «Տանկային բիաթլոն-2014»-ում հաջողության առթիվ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել հայկական տանկային անձնակազմերին` «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում երկրորդ տեղը զբաղեցնելու առթիվ.

Տ-90Ս տանկի վկայագիրն ընդունելիս

Տ-90Ս տանկի վկայագիրն ընդունելիս

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայկական բանակի ողջ անձնակազմին, 12 պետությունների մասնակցությամբ անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում հայ տանկիստների` աշխարհի փոխչեմպիոնի բարձր տիտղոսին արժանանալու, անհատական ու թիմային պայքարում բարոյակամային ու մասնագիտական բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:

Օգոստոս ամիսը վկայեց ինչպես մեր հայրենիքը երիզող մարտական հենակետերում, այնպես էլ միջազգային ասպարեզներում հայ զինվորի ունեցած բարձր պատրաստվածության մասին: Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում, ի տես ողջ աշխարհի, 19-20 տարեկան հայ զինվորները փայլուն կատարեցին տանկավարման ու կրակային դժվարագույն վարժությունները, հաղթահարեցին ամենատարբեր արգելքներ և դաշնակից ու գործընկեր բանակներում վերստին հարգանքով արտասանեցին Հայաստանի Հանրապետություն ու Հայկական բանակ անունները:

Սիրելի տանկիստներ, երեսունվեց տանկային անձնակազմերի միջև լարված պայքարում հաջողությունն ու հաղթողի յուրօրինակ դափնիները դարձան ձեր հրամանատարների արհեստավարժության, անձնակազմի ուսուցումը ճիշտ և հմտորեն կազմակերպելու, իսկ հայ զինվորի կողմից` որևէ դժվարության առջև չընկրկելով առաջադրանքները կատարելու և իր Հայրենիքի անունը բարձր պահելու խորհրդանիշ:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` ձեր վարպետության ու նվիրումի համար: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի յուրաքանչյուր մարտիկ այսօր ցանկանում է նմանվել ձեզ ու Հայրենիքին կծառայի այնպես, ինչպես դուք»,-նշված է պաշտպանության նախարարի ուղերձում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *